Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբացվեց սիրելի այգիներից մեկը՝ «Նոր Երեւանը». Հայկ Մարությանը տպավորված էր՝ «Տաշիր» ընկերությունների խումբը որակյալ գործ է արել ու լավ օրինակ ցույց տվել

Հունիս 01,2019 17:51

Այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը, մայրաքաղաքը հարստացավ եւս մի հանգստի գոտիով: Լայնածավալ վերակառուցման աշխատանքներից հետո վերաբացվեց սիրելի այգիներից մեկը՝ «Նոր Երեւանը», որը գտնվում է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտում):

Բացմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը եկել էր փոքր դստրիկին գրկած եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա այգի ժամանեց հեծանիվով:

Այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնում էր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունը, սա Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է: Ընդհանուր ներդրումը կազմել է 15 մլն դոլար: Այգու կենտրոնական հատվածում յուրօրինակ շատրվաններ են, մեր համաքաղաքացիները եւ հյուրերը կարող են շաբաթ եւ կիրակի օրերին վայելել 3D ֆորմատով ներկայացումներ՝ ջրի մեջ, իսկ շատրվանի երկարությունը 90 մետր է:

Այգու բացմանը ներկա էր «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: Նա հանդիսավոր արարողությամբ Հայկ Մարությանի հետ կտրեց ժապավենը, միասին շրջեցին այգում, քննարկեցին առաջիկա անելիքները:

Նարեկ Կարապետյանը Մարուքյանին ու Ավինյանին առաջարկեց միասին քննարկել այգու վերջնահատվածի հարցը, թե ինչ այլընտրանքային լուծումներ կարող են գտնել. «Երկու ալտերնատիվ տաբերակ կա, քաղաքապետարանը մտածում է ավտոկայանատեղիի հարցը լուծել, մենք էլ մտածում ենք, որ ավտոկայանատեղի ունենալու հետ մենք համաձայն կլինենք, եթե նոր ներդրող լինի մեզ հետ, այսինքն, ավտոկայանատեղիի ներդրողն առանձին լինի: Այգու վերջնահատվածում կառուցվելու է Երեւանի կենտրոնը սնող ամենամեծ ենթակայանը, որը Հյուսիսային պողոտան սարքելուց հետո Երեւանի կենտրոնի գերբեռնվածության հարցը կլուծի: Նախկինում գերբեռնված չէր, հիմա բնակչությունը շատացել է, մենք հունվար-փետրվարին արդեն խնդիր ենք ունենալու անջատումների, եթե նոր ենթակայան չսարքենք, արդեն պրոբլեմ կլինի, Ծիծեռնակաբերդից գիծը բերվում է, հասնում այստեղ: Սովետական միությունից հետո Երեւանի կենտրոնում այսպիսի էներգետիկ պրոյեկտ չի եղել»: Մարությանն ասաց, որ արդեն դրա հետ կապված որոշում կկայացնեն:

Մենք հետաքրքրվեցինք Հայկ Մարությանից, թե բարեկարգված այգուց ինչ տպավորություն ունի: Նա պատասխանեց, որ այս այգին առաջին անգամը չէ, որ գալիս է. «Տպավորություններս շատ լավն են, շատ մեծ աշխատանք է կատարվել: Մենք շնորհակալ ենք այս համագործակցության համար, որովհետեւ որակյալ գործ է արվել: Սա շատ լավ օրինակ է՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության: Այս համագործակցությունը չի վերջացել, բավականին մեծ աշխատանքներ ունենք դեռ ստորգետնյա անցման վրա եւ վերջնահատվածի վրա: Մենք նաեւ ներդրող ունենք, որն ուզում է ներդրում անել՝ այդտեղից սկսած՝ մինչեւ Մանկական երկաթուղի՝ Մանկական երկաթուղին ներառյալ»:

Մեր հարցին՝ վերջնական արդյունքով ի՞նչ ենք ակնկալում, ի՞նչ պատկեր ենք ստանալու՝ Մարությանը պատասխանեց. «Իրականում շատ լավ պատկեր է ստացվելու, որովհետեւ Հին Երեւան նախագիծը երբ վերջնական պատրաստ լինի, պատկերացնո՞ւմ եք, Խանջյանից սկսած՝ կարող ենք այգիների մեջով ուղիղ ոտքով գալ հասնել մինչեւ Մանկական երկաթուղի եւ երեխաների հետ նստել այդ երկաթուղին»:

Նարեկ Կարապետյանն ասաց, որ «Նոր Երեւան» այգին նախատեսված է երեխաների համար, երեխաներով զբոսնելու. «Սա համարվում է խիտ բնակեցված զոնա եւ այս զոնայում երեւի ավելի լավ տարածք երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար չկա: Այգում լինելու է  երաժշտություն, դասական, ռուսական: Ձայնային առումով մենք բնակիչներին չենք անհանգստացնելու, այն հնչելու է մինչեւ 23-ը: Ինձ թվում է, լավ միջավայր կկարողանանք ապահովել, Երեւանի սիրված կետերից մեկը կլինի»: Պարոն Կարապետյանը Հայկ Մարությանի եւ Ավինյանի հետ իջան այգու սկզբնամասում գտնվող գետնանցումով, տեսան, թե ինչ անմխիթար վիճակ էր: Նախատեսվում է բարեկարգել նաեւ գետնանցումը: Կարապետյանի խոսքով՝ «Այգին թելադրեց, որ մենք շարունակենք ներդրումային մեր ծրագիրը, որ ընդհանուր կոմպլեքսն ավելի հետաքրքիր լինի: Մենք կփորձենք այնպիսի հետաքրքիր ձեւաչափ գտնել, որ նույն կոնտինգենտը, ովքեր այստեղ ժամանակ են անցկացնում, հանգստանում են, նաեւ հնարավորություն ունենան ձմռանը վայելել անցման տակ եղած կոմպլեքսի ծառայությունները»:

Այսօր այգում ողջ օրվա ընթացքում երեխաների համար տոնական մթնոլորտը պահպանվելու է՝ անվճար քաղցր բամբակ, «պոպքորն», աճպարարներ, պղպջակների շոուներ, պարային ֆլեշմոբեր, սիրված արտիստների ելույթներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930