Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանը կասկած ունի. «Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ ճնշման կենթարկվի Վերաքննիչի դատավորը, եթե օրենք կիրառի»

Հունիս 01,2019 15:37

«Ի պատասխան դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելուն՝ վարչապետը եւ իշխանական խմբակցության պատգամավորներն ուղղակի կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա եւ ուղղակիորեն մասնակցեցին դրան՝ մարդկանց կոչ անելով փակել դատարանների ելքերն ու մուտքերը: Սա ուղերձ է Վերաքննիչ քրեական դատարանին եւ դատավորներին այն մասին, թե ինչ տեղի կունենա, եթե նրանք կայացնեն այնպիսի որոշում, որը վարչապետի կամ խմբակցության սրտով չէ: Սա աննախադեպ երեւույթ է»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր հայտարարեց Մարտի մեկի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա բնորոշմամբ՝ նման ճնշման ներքո կայացվելիք ցանկացած դատական ակտ լինելու է ոչ լեգիտիմ. «Ինչպես հայտնի է, դատախազ Պետրոս Պետրոսյանը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը, նաեւ՝ այն որոշումը, որով դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրել էր գործի վարույթը եւ գործն ուղարկել Սահմանադրական դատարան: Խնդիրն այն է, որ այդ որոշումները դատախազի կողմից բողոքարկման ենթակա չէին: Դատախազը դուրս է եկել լիազորությունների սահմաններից:

Վերաքննիչ դատարանն իրավունք  չունի այդ բողոքները վարույթ ընդունել, բայց բոլորիս համար հասկանալի է, որ ճնշումների արդյունքում վերաքննիչի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ ճնշումների կենթարկվի, եթե կիրառի օրենքը: Իսկ օրենքն ասում է, որ այդ բողոքները պետք է թողնվեն առանց քննության: Վերաքննիչի դատավորը կդառնա թիրախ, ինչպես Դավիթ Գրիգորյանը դարձավ, եւ գուցե՝ ավելի բիրտ ճնշումների կենթարկվի: Ուստի մենք արդեն այս պահից կասկածներ ունենք»:

Ըստ Հայկ Ալումյանի՝ չափազանց մտահոգիչ է ու տարօրինակ, որ դատախազի երկու բողոքներն էլ նույն դատավորն է քննելու՝ Արմեն Դանիելյանը. «Որքան էլ համոզեն, որ գործի բաշխումը էլեկտրոնային համակարգով է կատարվում, միեւնույնն է՝ տարօրինակ է, որովհետեւ երկու բողոքները «պատահական» հայտնվել են նույն դատավորի մոտ, որը տարեցտարի փաստաբանների կողմից ամենացածր վարկանիշի է արժանանում:

Փաստաբանները միշտ շեշտել են, որ նա դատախազության ցանկությունները կատարող դատավոր է: Նա դատախազության դիրքորոշմանը հակառակ որեւէ որոշում երբեւէ չի կայացրել: Երկուշաբթի մենք դիմելու ենք Վերաքննիչ քրեական դատարանին՝ գործի մակագրման մասին քաղվածքներ, այդ թվում՝ համակարգչային, ստանալու համար, որպեսզի պարզենք՝ միջամտություն եղե՞լ է մակագրման գործընթացին, թե ոչ»։ Հավելենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից դատախազության բողոքները վարույթ ընդունելու մասին որոշում այս պահին չկա:

https://www.facebook.com/aravot.am/videos/333704843983496/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930