Օրերս իբրեւ թե հայկական կողմի գնդակից սպանված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը մայոր է՝ գումարտակի հրամանատար, ինչը նրա «սպանության» հանգամանքների առնչությամբ կասկածներ է առաջացնում:
Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: «Ի՞նչ գործ ուներ նա առաջնագծում, որը կարող էր դիտարկվել, առավել եւս, երբ ադրբեջանական կողմը պնդում է, որ ունեն տեսադիտարկման այնպիսի համակարգեր, որոնք հրամանատարական կազմին չեն ստիպում գլուխը դուրս հանել եւ նայել հայկական դիրքերի կողմը՝ այդ կերպ չհայտնվելով նշանառության տակ: Առավել եւս, որ հրամանատարներն ամենօրյա ծառայություն չեն իրականացնում»,-նման հարցադրումներ արեց Տարոն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի փոխկապակցված բլոգերն ուշագրավ գրառում է կատարել այն մասին, որ զինծառայողն իրականում սպանվել է գումարտակային դասերի ժամանակ: «Բնականաբար, դրանք առաջնագծում չեն անցկացնում, հետեւաբար, ինչպե՞ս կարող էր միջադեպն առաջնագծում կատարված լիներ: Արցախի պաշտպանության բանակն այդ միջադեպի հետ չի կարող կապ ունենալ»,-նկատեց փորձագետը: Նա նաեւ շեշտեց՝ գումարտակը, որը ղեկավարում էր զոհված մայորը, ավելի վաղ ուշադրության կենտրոնում էր հայտնվել. «Այդ գումարտակից մի քանի սպաներ ձերբակալվել էին 2017թ.-ին՝ հայերի օգտին իբրեւ թե լրտեսելու հայտնի մեղադրանքով»:
Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ ավելի շատ հիմքեր կան պնդելու, որ ադրբեջանցի հրամանատարը սպանվել է ներքին խնդիրների պատճառով. «Ամեն դեպքում, Ադրբեջանը դրանում հայկական կողմին մեղադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամանակ՝ առանց ապացույցի»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/382853059104985/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ