Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվելուց հետո հանդիպել է իր աջակիցների հետ: Այդ հանդիպման մասնակիցների թվում է եղել նաեւ Քոչարյանի ղեկավարման օրոք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, որ Սերժ Սարգսյանի օրոք էլ աշխատել է ՊԵԿ փոխնախագահ, հետո ՀՀ ՊՆ խորհրդական:
Այդ միջոցառմանը Վահրամ Բարսեղյանի մասնակցությանն ուշադրություն չէինք դարձնի (ի վերջո, բնական է, որ նա պետք է աջակցի նախկին ղեկավարին), եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. նա նաեւ թավշյա հեղափոխությունից հետո շարունակել է պաշտոնավարել ՀՀ ՊՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական:
Ուստի, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Բարսեղյանն այսօր է՞լ է շարունակում պաշտոնավարել: Ա. Հովհաննիսյանը նշեց, թե Վ. Բարսեղյանը նախկինում եղել է այդ հաստիքում նշանակված, սակայն հիմա այլեւս չի աշխատում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում