Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան․ «Հայաստանի իշխանությունները պետք է ներողություն խնդրեն այս օրերին թույլ տրված արարքների համար»․ «168 ժամ»

Հունիս 01,2019 12:49

Հարցազրույց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ։

– Պետական դավաճանների, դավադիրների խմբի բացահայտման մասին վարչապետի վերջին հայտարարությանը ո՞րն է Ձեր արձագանքը՝ որպես Արցախի իշխանության ներկայացուցիչ և որպես Արցախի հերոս:

– Այդպիսի հայտարարությունները, նույնիսկ կարևոր չէ, թե ում շուրթերից են դուրս գալիս, միշտ իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում և կարող են թուլացնել իշխանության դիրքերը: Այնպես որ, խորհուրդ կտամ զերծ մնալ այդպիսի ծանր որակավորումներից, որքան էլ դրանք անհրաժեշտ լինեն այլ նպատակների համար: Ես չեմ հավատում, որ այդպիսի հայտարարություններից հետո սոցցանցերում բարձրացրած ալիքը, մարդկանց զայրույթը ծառայում է ինչ-որ դրական գործի: Ֆեյսբուքում նստած մարդիկ, որ այդպես աջ ու ձախ փնովում են Արցախի իշխանություններին, ընդհուպ ինձ՝ որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի, չեմ կարծում, թե միանշանակ հավատում են իրենց ձևավորած կարծիքին և այնքան մեծ թիվ չեն կազմում, որ պիտի գործոն դառնան՝ ազդելու առաջիկա ընտրությունների արդյունքների վրա:

Հասարակությունների միջև չկա հակասություն և չի լինելու, որքան էլ ձգտեն, ես ուղղակի բացառում եմ:

Ես ավելի քան համոզված եմ, որ այս հրահրումները նույնիսկ կոնսոլիդացման են տանելու: Իմ անձի դեմ կազմակերպած արշավներն էլ անպտուղ են, ես համոզված եմ, որ չկա մի հայ քաղաքացի, որն ինձ հետ որևէ շփում է ունեցել, ծառայել է կամ առնչվել է ինչ -որ կերպ ու իմ անձի դեմ մաղձով ու բացասաբար արտահայտվի: Ես բաց եմ եղել բոլորի առաջ ու երբեք ինձ թույլ չեմ տվել քայլեր, որոնք այսօր կարող են իմ դեմ աշխատել: Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ բառի ու գործողությունների համար:

– Առաջադրման մասին հայտարարելուց հետո ակնհայտորեն թիրախավորվեցիք մի քանի ուղղություներից: Ձեր անձի դեմ ուղղված մեղադրանքներին, գործողություններին ու որակումներին ինչպե՞ս կարձագանքեիք:

– Պետք է Հայաստանի իշխանություններն առաջին հերթին ներողություն խնդրեն այն արարքների համար, որոնք թույլ են տրվել այս օրերին: Կապ չունի՝ իմ անձի նկատմա՞մբ է արվել, թե՞ մեկ այլ դեպքի առնչությամբ: Ես ընդհանուր առմամբ երևույթը նկատի ունեմ: Ժամանակին, երբ երևույթներին գնահատական էի տալիս՝ ինձ կապում էին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՊՊԾ գնդի կամ այլ անձանց հետ: Ես Մարտի 1-ի մասին խոսելիս՝ երևույթին եմ գնահատական տվել: Եվ ես պատրաստ էլ չեմ խոսել ուրիշի անունից կամ ի պաշտպանություն ուրիշի՝ հանդես գալ այլոց շահերի դիրքերից:

Ես ձգտում եմ զերծ մնալ անձանց փնովելուց և իբր նախկինից վկայակոչած պատմություններով մարդկանց գհնահատականներ տալուց: Եվ այս խաղի կանոններով առաջնորդվելու եմ նաև իմ նախընտրական շրջանում, հույս ունեմ, ակնկալում եմ, որ նույն սկզբունքը կկիրառվի նաև մյուս թեկնածուների կողմից: Սամվել Բաբայանն իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից պիտի զերծ մնա, փոխի մարդկանց միջավայրում իր ներկայանալու ոճը:

– Պարոն Բալասանյան, անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին, որն առաջ է քաշել ՀՀ վարչապետը, ո՞րն է Ձեր արձագանքը, կա՞ դրա անհրաժեշտությունը՝ ըստ Ձեզ:

– 2016-ի ապրիլյան դեպքերի ժամանակ ես Արցախի ԱԺ պատգամավոր էի, բայց որպես նախկին հրամանատար՝ եղել եմ այդ օրերին մարտական դիրքերում, որքանով ծառայեցի գործին, թող դրա գնահատականն իմ մարտական ընկերներն ու ժողովուրդը տա: Բայց ես այդ գործողություններից հետո, այո, տեղյակ եմ, որ ՀՀ և ԱՀ իշխանությունների կողմից եղել են դեպքերի հետագա ուսումնասիրություններ, վերլուծություններ են արվել, բնականաբար, զինվորական և քաղաքացիական դատախազությունն իրենց հերթին՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ քննություն է սկսել, հարուցվել են քրեական գործեր, հետաքննական աշխատանքներ են իրականացվել:

Միգուցե դրանք ավարտին չեն հասել կամ բավարար մակարդակում մինչև վերջ չեն ուսումնասիրվել այդ փուլում, բայց ես վստահաբար ասում եմ, որ կարելի է վերջապես վերջակետը դնել շրջանառվող այդ խոսակցություններին, վարկածներին, թե մեր զենքը հին է եղել, կամ բահեր չենք ունեցել, մեր զորքը կռվել է 1980-ականների զենքերով, և այլն: Իսկ ո՞վ է ասել, որ 2015թ. արտադրության տանկ կար Ռուսաստանում կամ Ադրբեջանում:

Այսօր մեր ինքնաձիգերը 1974-78 թվականների արտադրության են, կան զինատեսակներ, որ 1980-89 տվականների արտադրության են, հարգելիներս, զենքը սննդամթերք չէ, որ ասենք՝ սպառման ժամկետը անցավ, զենքն իր գործունակության պիտանելիությունն ունի, և բնավ պարտադիր չէ հենց երեկվա թողարկած արտադրությունը լինի:

Դրանց կարևորությունն ուրիշ պարամետրերով է չափվում, և պետք չէ ոլորտից հեռու, զինտեխնիկայից ու մարտավարական գիտելիքներից չհասկացող մարդկանց գնահատականներով բանակի հզորության և մարտունակության մասին պատկերացում ձևավորել: Ռազմական ոլորտն ու ռազմական քաղաքականությունը դա խոսելու քաղաքականությունը չէ, այստեղ նույնիսկ բառերի էլեմենտները տարբեր ընկալում ունեն:

Արաքսից մինչև Օմարի լեռներ ձգվող ողջ սահմանագծի երկայնքով եղել եմ ապրիլյանի օրերին՝ հատկապես 5-ից հետո, և ես չեմ տեսել մի դիրք, որտեղ մենք զինանոցի պակաս ենք ունեցել, ինչի պատճառով զորքը չի կարողացել կռվել համարժեք: Խնդրում եմ, զգուշություն դրսևորեք բանակի մասին անպատասխանատու և անհիմն հայտարարություններ անելիս: Չեմ հերքում, այո, կառավարման համակարգում այդ օրերին եղել են որոշակի խնդիրներ՝ կապի միջոցներով պայմանավորված, որն Ադրբեջանի դեպքում արդիականացված է, իրենք զինել են իրենց կապուղին այդ ռեպ համակարգով և կարողացան ճնշում գործադրել:

– Մինչ այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը պահանջե՞լ էր Արցախի իշխանությունից կամ ԶՈՒ-ից ինչ-որ փաստաթղթեր, նյութեր, պահանջե՞լ էր 2016-ի ապրիլյան դեպքերի ամբողջական վերլուծությունները ներկայացնել, որից հետո առաջացած հարցերը դեպքերի վերանայման պրոցես սկսելու հիմք կարող էին դառնալ:

– Չգիտեմ, տեղյակ չեմ՝ ինչ փաստագրված տեղեկությունների է ծանոթացել վարչապետ Փաշինյանը: Ես չգիտեմ՝ ինչ նյութերի է ծանոթացել վարչապետը մինչ այդ, և ինչո՞ւ չեն բավարարել դրանք, կամ ի՞նչ տողատակեր կան դեպքերի վերանայման այդ նախաձեռնության տակ: Հետ դառնալ և ասել՝ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի բացահայտել 2016-ի ապրիլյան դեպքերի պատճառները, ես դրան կատեգորիկ դեմ եմ: Չի կարելի, շատ վտանգավոր է այդպիսի հայտարարություններ անել: Կան պետական օղակներ, տարբեր ծառայություններ թե՛ ՀՀ-ում և թե՛ ԱՀ-ում:

Եթե դրա կարիքն իսկապես կա, եթե վարչապետը համարում է՝ չուսումնասիրված կողմեր են մնացել, և գտնում են, որ դա հրատապ է, ուրեմն պետք է նախ ԱՀ և ՀՀ առաջին դեմքերը գան համաձայնության, համապատասխան հանձնարարություններ իջեցնեն ենթակա ծառայություններին, և իրավապահ մարմիններն ապահովեն ամբողջական քննություն և բացահայտեն այն, ինչը մինչ այդ, հնարավոր է, տարբեր պատճառներով ամբողջապես քննության չէր ենթարկվել:

Ի վերջո, չմոռանանք, 2016-ի ապրիլից հետո հազարավոր զինծառայողներ զորացրվել են, գտնվում են քաղաքացիական կյանքում, կաշկանդված չեն որևէ մեկի կողմից: Ես առ այսօր որևէ զինծառայողի կողմից չեմ լսել մի դեպք, որ ասի՝ մեր փամփուշտները վերջացել էին, և չենք կարողացել կռվել։ Ուշադրություն դարձրեք, թե որտեղից են դուրս գալիս և շրջանառության մեջ դրվում այսպիսի մեկնաբանությունները:

 

Սյուզի ԲԱԴՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930