ԲՀԿ-ն նախաձեռնում է խորհրդարանական լսումներ իրացման գոտիների թեմայով: Մի թեմա, որը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Աքիլլեսյան գարշապարներից» մեկն է, քանի որ խնդիրը սկսվել է հենց նրա նախագահության շրջանում: Մասնավորապես, Հյուսիսային պողոտայի շինարարությունից մեկնարկեց իրացման գոտիների բնակիչների շահերի, իրավունքների հարցը: Այդ գործերով են տասնյակ հայցեր գնացել ՄԻԵԴ, և դրանք հերթով բավարարվում են Եվրոպական դատարանում՝ Հայաստանի վրա արժենալով տասնյակ և հարյուրավոր հազար եվրո փոխհատուցումներ սխալ կամ անիրավ վճիռների համար: Ինչ խոսք, Հյուսիսային պողոտայից սկսվածը շարունակվել է կառուցապատման այլ նախագծերի դեպքում, նաև արդեն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում:
Սակայն «իրացման գոտու խնդիր» հասկացությունը հայաստանյան հանրային-քաղաքական կյանք, որպես երևույթ կամ օրակարգային հարց, մտել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, և, փաստորեն, «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական լսումների նախաձեռնությունը ֆորմալ իմաստով որևէ կապ չունենալով երկրորդ նախագահի հետ՝ քաղաքական տողատակում ակնհայտորեն նրան թիրախավորում է՝ առնվազն հնարավոր ենթադրական այն ելույթների առումով, որոնք, ամենայն հավանականությամբ, կհնչեն այդ լսումների ընթացքում:
Ըստ երևույթին, ԲՀԿ-ն այդ կերպ նաև կփորձի ցույց տալ, որ իր և Ռոբերտ Քոչարյանի պլանները ոչ միայն նույնական կամ համատեղելի չեն, այլ նաև հակադիր են: Իսկ կպատասխանի՞ Ռոբերտ Քոչարյանը և ի՞նչ կպատասխանի:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում