ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է երկու անձ, եւս երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Ձերբակալվածներն են Արցախի բնակիչներ Ալեքսեյ Բալայանը եւ Ռոլանդ Այդինյանը. գործով մյուս երկու կասկածյալներն են Վրեժ Ապրեսյանը եւ Հայկ Մկրտչյանը:
Մեզ հաջողվեց, սակայն, պարզել, որ իրավապահները քննում են մեկ այլ վարկած եւս. ըստ այդմ՝ թիրախում ոչ թե Սամվել Բաբայանն ու նրա համակիրներն են եղել, այլ՝ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գուրջյանի որդին, որը Արցախում հայտնի է Ապեր անունով: Մեր տեղեկություններով, գործով ձերբակալված Ալեքսեյ Բալայանը շուրջ երկու տարի է՝ լարված հարաբերությունների մեջ է Ապերի հետ: Նույն այդ տեղեկություններով, վերջինս դեպքի օրը Սամվել Բաբայանի համակիրների հետ նույն մեքենայի մեջ է եղել, սակայն մինչ դեպքը նրան իջեցրել են Սեւան, ապա եկել Երեւան եւ կրկին փորձել Արցախ վերադառանալ. Սեւան-Մարտունի ճանապարհին հետապնդողները, կարծելով, թե Ապերը մեքենայի մեջ է, կրակոց են արձակել մեքենայի ուղղությամբ: Մեզ նաեւ հաջողվեց ճշտել, որ զինված միջադեպից հետո իրավապահները փորձում են գտնել Ապերին:
Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գուրջյանից, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Կարդացեք նաև
Մինչ Սամվել Բաբայանը լռում է (նրա հեռախոսահամարը երկու օր է՝ անհասնելի է, նրա գործով դատական նիստն այսօր նրա բացակայության պատճառով չի կայացել), «խոսում է» նրա գրասենյակը՝ իրավապահներին խորհուրդ տալով հետաքննությունը ճիշտ ուղղությամբ տանել: Հետաքրքրական է, որ գրասենյակն իր հայտարարությունում նշել է, որ Սամվել Բաբայանը եւ իր կողմնակիցները որևէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի, չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն: «Սիրելի հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը եւ իր կողմնակիցները որեւէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն: Կոչ ենք անում Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ: Սա որեւէ կենցաղային մակարդակի վեճ չէ, սա կրում է քաղաքական բնույթ, ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը եւ փնտրել սրա հիմքերը ճշգրիտ ուղղությամբ: Մենք ինքներս հետամուտ ենք լինելու սրա բացահայտմանը: Հիսունից ավելի մարդիկ են ընդգրկված եղել այս հանցագործության մեջ: Ուստի շրջանակը բավականին լայն է»,- նշված է հայտարարության մեջ:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում