Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը կասեցրեց և ուղարկեց ՍԴ: Այնուհետև դատավորը ՍԴ-ից հետ էր վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է Ռ. Քոչարյանին կալանքից ազատ արձակելու և քրեական գործը կասեցնելու մասին որոշումները։
Գործընթացի և մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ, որը «Փաստի» հետ զրույցում խափանման միջոցի վերաբերյալ որոշմանը անդրադառնալով՝ ընդգծեց. «Այս դեպքում դատարանը հաշվի է առել անձնական երաշխավորությունը՝ որպես քրեադատավարական ինստիտուտ: Ի՞նչ է այն իրենից ենթադրում. մեկ հարց՝ արդյո՞ք ելնելով վստահությունից՝ երաշխավորներն ի զորու են ապահովել անձի պատշաճ վարքագիծը: Չէ՞ որ կալանավորումը պատժիչ գործիք չէ: Այն անձը, որը կարող է նման պնդում անել, կնշանակի, որ ուղղակիորեն մարդու իրավունքների խախտման մասին է խոսում: Այս պարագայում նաև շատ հետաքրքիր հարց է առաջանում. մեկ տարի առաջ մոտ այս ժամանակահատվածում մի շարք անձինք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերող մեղադրանքներով անձնական երաշխավորության հիման վրա ազատ արձակվեցին դատարանի նիստերի դահլիճից, բայց դատախազությունը չբողոքարկեց այդ որոշումը: Ի դեպ՝ հուշեմ, որ դրանցից յուրաքանչյուրը դատաքննության բավականին նախնական փուլում էր, մի շարք ապացույցներ կային, որոնք որևիցե կերպ չէին սկսել ուսումնասիրվել, գործով կային մի շարք վկաներ, որոնք որևէ կերպ չէին հարցաքննվել: Այդ պարագայում առհասարակ ցանկացած գործով տարբերակված մոտեցումը պետք է բացառել»:
Ընդհանուր առմամբ, Ա. Վադևանյանը վերոնշյալ գործով այս պահի դրությամբ հետևյալ տրամաբանությունն է տեսնում. «Ես այժմ էլ եմ այն կարծիքին, որ 300.1 հոդվածը Սահմանադրությանը համապատասխանության հետ աղերս չունի: Այն ակնհայտ խնդիրներ ունեցող հոդված է և, հետևաբար, չի կարող իրացվել ո՛չ այսօր, ո՛չ վաղը ոչ ոքի նկատմամբ: Այս տարիների ընթացքում չէ՞ որ բազմաթիվ ցույցեր ենք ունեցել, հավաքներ, խնդիրներ, բայց այդ հոդվածը երբևէ չի դրվել գործածության մեջ, որովհետև չի կարող դրվել՝ ամբողջ խնդիրը դա է»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում