Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես երեխաներին շեղել «մեծական» երգերից ու ներկայացումներից

Հունիս 01,2019 11:00

Հարցազրույց կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության կազմակերպչական բաժնի ղեկավար Էդմոնդ Մակարյանի հետ

– Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է: Դուք շուրջ 5 տարի Կոմպոզիտորների միության տեղեկատվական բաժնի ղեկավարն էիք, 2008-ից էլ ղեկավարում եք կազմակերպչական բաժինը: Վերջին 30 տարիներին մշտապես խոսվում է երեխաներին համապատասխան երաժշտությամբ կրթելու մասին: Եղել են ժամանակներ, երբ մեր երեխաները կատարում էին Էմմա Միհրանյանի, Արեգ Լուսինյանի եւ կոնկրետ մանկական երգարվեստի ոլորտում ստեղծագործող մյուս հեղինակների երգերը: Հիմա տարբեր միջոցառումներին, TV մանկական նախագծերի ժամանակ հանդես են գալիս, այսպես կոչված, «մեծական» երգերով: Գիտենք, որ միությունում գործում են մանկական եւ խմբերգային մասնաճյուղեր: Յուրաքանչյուր տարի՝ հունիսի 1-ին միջոցառում է անցկացվում: Այսինքն՝ դուք սպասում եք միայն այս առիթի՞ն:

– Միությունը առիթների չի սպասում: Տարվա ընթացքում տարբեր միջոցառումների շրջանակում ընդգրկում ենք նաեւ երեխաներին ու պատանիներին՝ նրանց մասնակից դարձնելով համերգներին եւ նրանց ուղղված տարբեր նախագծերին: Օրինակ, 2018թ. միության նախաձեռնությամբ հրատարակվեց մանկական երգերի ժողովածու, ինչը շարունակություն կունենա նաեւ այս տարի: Պատանի կոմպոզիտորի մասնակցությամբ էլ ավանդաբար անցկացնում ենք Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական մրցույթը, որն իր տեսակով վերջին տարիներին վերաճել է համահայկականի: Դարձյալ ավանդաբար կազմակերպում ենք համերգներ արվեստի եւ երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ: Ընդ որում, հիմնականում բաղկացած հայ կոմպոզիտորների երկերից: Մի խոսքով, կլոր տարի միության տեսադաշտում են մեր երեխաները, պատանիները, որոնց տարբեր առիթներով տրվում է դրսեւորվելու, ներկայանալու հնարավորություն: Ինչ վերաբերում է հունիսի 1-ին՝ այսօր միության դահլիճում կկայանա համերգ՝ մասնակցությամբ Երեւանի ու մարզերի մեկ տասնյակից ավելի երաժշտական դպրոցների ու Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի սաների: Կկատարվեն բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններ: Կմասնակցեն նաեւ այս տարի կայացած Միրզոյանի անվան մրցույթի մրցանակակիրները:

– Դուք կարող եք պնդել, որ այսօր մեր երեխաներն ավելի շատ լսում են հայ հեղինակների երգեր, քան նախկինո՞ւմ:

– Վստահորեն կարող եմ ասել, որ դա առաջին հերթին ընտանեկան դաստիարակության արդյունք է, երկրորդ՝ այն հաստատությունների շնորհիվ է, որտեղ հաճախում են երեխաները: Այս հարցում կան նաեւ այլ գործոններ, ասենք, հենց միջավայրը… Եթե խոսենք միության կազմում ընդգրկված կոմպոզիտորների մասին, մենք ստեղծում ենք բազմաժանր երաժշտություն, որին ծանոթանալիս երեխաները հնարավորություն են ունենում հաղորդակցվելու պրոֆեսիոնալ հայ երաժշտարվեստի հետ:

– Կնշեք, կոնկրետ միության անդամ ո՞ր կոմպոզիտորներն են ավելի շատ ստեղծագործում երեխաների համար:

– Շատերը, շատերը… Արդյունքը արդեն նշածս մանկական ժողովածուներն են:

– Այդ դեպքում, օրինակ, TV-ներով ինչո՞ւ հաճախ չենք լսում մանկական պրոֆեսիոնալ երգեր, փոխարենը, գիտեք, թե մանկական տարբեր նախագծերում ինչ է հնչում մանկան շուրթերից:

– Կոնկրետ՝ TV-ների մեծ մասը կոմերցիոն բնույթ են կրում եւ ունեն դրանից բխող իրենց ռազմավարությունը: Բայց այլընտրանք էլ կա. համացանցի միջոցով ցանկության դեպքում կարելի է գտնել մանկական պրոֆեսիոնալ երաժշտություն:

– Միությունը մանկական մեծակտավ ստեղծագործությունների (օպերա, օպերետ եւ այլն) մասով ինչո՞ւ չի համագործակցում թատրոնների հետ:

– Այս հարցում անհրաժեշտ է պետական մոտեցումը, ինչի շնորհիվ հնարավորություն կստեղծվի, կխրախուսվեն հեղինակները եւ կհայտնվեն մանկական ներկայացումներ: Այս պահին մեկ օրինակ կարող եմ բերել՝ Սվետլանա Ալեքսանյանի մյուզիքլը՝ «Մոխրոտը», Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի խաղացանկում:

Էդմոնդ Մակարյանը՝ երգչուհի Դալիթայի եւ դուդուկահար Թաթուլ Համբարձումյանի հետ:

– Պետությունը միությանն ընդհանրապես պատվիրե՞լ է հատուկ մանկական ստեղծագործություններ:

– Պետությունը նախարարության հետ համատեղ մինչեւ 2018թ. առհասարակ կազմակերպում էր կոմպոզիտորական երկերի պետգնում: Ինչ վերաբերում է անհատական պատվերներին, պատվիրողն ինքն է ընտրում կոմպոզիտորին եւ կապվում, բանակցում հենց նրա հետ:

– Միության եւ նախարարության համատեղ աշխատանքներում այդպես էլ ոչ մի մանկական գործ չընտրվե՞ց պետգնումի շրջանակում:

– Սովորաբար պետգնմանը ներկայացվում են արդեն հնչած, կատարված մեծակտավ ստեղծագործություններ: Արդեն նշեցի, որ եթե լիներ պետական ռազմավարություն՝ ուղղված մանկական մեծակտավ ստեղծագործություններին եւ դրանք կատարվեին, հնարավոր է, որ որեւէ մեկը տեղ գտներ պետգնման ցանկում:

– Դուք հեղինակ եք բազմաթիվ մանկական երգերի…

– Ունեմ երկու տասնյակից ավելի մանկական երգեր, որոնց մի մասն էլ ունեն տեսահոլովակներ…
Երկար ժամանակ աշխատել եմ Դալիթայի հետ՝ լինելով նրա երաժշտական պրոդյուսերը: Վերջին մանկական գործերիցս կառանձնացնեի «ԱռաջԻնը» դաշնամուրային, էսքիզային երաժշտական էտյուդը, որը ներկայացրել եմ անիմացիայի զուգորդմամբ: Այս ստեղծագործությունս պատմում է առողջական խնդիրներ ունեցող պատանու կյանքի պայքարի մասին:

 

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

01.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930