Լրահոս
Օրվա լրահոսը

Տարաձայնությունների վիհը Հայաստանի եւ Արցախի միջեւ աղետալի հեռանկար է նախատեսում․ «Ազգ»

Հունիս 01,2019 10:50

Ղարաբաղյան բոլոր ընտրություններում Երեւանի կառավարության զգուշավոր միջամտությունը գործել է, չնայած մինչ օրս ազդեցությունը աննկատ է եղել: Բայց գալով Քոչարյանի կալանքից ազատելուն, թվում է, թե ժողովրդի համբերության բաժակը դրանով լցվեց եւ բացահայտվեց Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարությունների միջեւ գոյություն ունեցող ճեղքվածքը:

Տարաձայնության սերմեր ժամանակին ցանել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ քաղաքական ընդդիմության իր ամբողջ կարիերայի ընթացքում պնդել է, որ ղարաբաղյան կլանը զավթել է իշխանությունը Հայաստանում, վրդովմունք առաջացնելով տեղի բնակչության մոտ: Այդ վրդովմունքն իր արտահայտությունը գտավ Քոչարյանի դատավարության ժամանակ, երբ դատավորը նախքան վերջնական վճիռը կալանքից ազատեց վերջինիս: Մինչ Քոչարյանի կողմնակիցները ողջունեցին որոշումը, նրա հակառակորդները սկսեցին մեղադրել նախագահ Սահակյանին եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին՝ պիտակավորելով նրանց որպես «դավադիրներ» եւ… «թուրքեր»:

Շատերը հավատացած էին, որ թավշյա հեղափոխությունը ղարաբաղյան կլանի վերջը տվել էր, սակայն Քոչարյանի ազատ արձակումից հետո նրանք այդ ճակատից ակնկալում են հետագա նենգամիտ գործողություններ: Որոշումն ինքնին տեղիք է տվել տարբեր մեկնաբանությունների եւ թեժ քննարկումների: Որոշ մարդիկ այն կարծիքին են, որ որոշումը արդյունք էր քաղաքական ճնշումներից ազատ դատական համակարգի գործունեության, որը ներկա վարչակարգի ձեռքբերումներից է: Որոշներ գտնում են, որ Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը բարձիթողի արված դատական համակարգի վրա: Երրորդ մի խումբ էլ հավատացած է, որ որոշումը նախկին վարչակազմից մնացած կաշառակեր դատավորների գործն է:

Բայց որոշակի հատկանիշներ ստիպում են ենթադրել տալ, որ ամբողջ հարցը Մոսկվայից քաղաքական ճնշման հետեւանք էր: Չմոռանանք, որ նախագահ Պուտինը Քոչարյանի ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական երկտող էր ուղարկել, որտեղ նշված էր նաեւ իր դժգոհությունը մտերիմ ընկերոջ հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից: Կասկած չկա, որ Ռուսաստանի նախագահը Քոչարյանի հարցը քննարկել է վարչապետ Փաշինյանի հետ իր հանդիպումների ընթացքում: Պետք է խոստովանել, որ հակառակ Փաշինյանի պնդումներին, Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները այնքան էլ չեն բարելավվել Փաշինյանի իշխանության ղեկը ստանձնելուց ի վեր:

Պուտինին չի հետաքրքրում, թե ինչ քաոսային վիճակ են թողել նախկին կոռումպացված վարչակազմի առաջնորդները: Նրա տեսանկյունից, թավշյա հեղափոխությունը միեւնույն գործիքներն ու մեթոդներն էր օգտագործել ինչ Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունները, որոնց հետեւանքում նախկին բարեկամությունը տուժում է:

Երեւի որոշ ճշմարտություն կա այս տեսակետում, որովհետեւ մեր այժմյան ժամանակներում իշխանափոխություններն ու կառավարությունների տապալումը միշտ չէ, որ իրականացվում են զենքերի կիրառմամբ: Ժամանակակից տեխնիկական միջոցները շատ ավելի կատարելագործված են ու արդյունավետ: Պետության որեւէ ղեկավար, որը հզոր մի նոր ուժի ճանապարհին խոչընդոտ է, նախ վատաբանվում է, դիվայնացվում ազդեցիկ սոցցանցերի միջոցով, ապա գործը ամբողջացնում են «բարեգործական» առաքելություն իրականացնող հաստատություններն ու մամուլի վարձկան «զինվորները»:

Պուտինի ճնշումից հետո Փաշինյանին իրավական «թզի տերեւ» էր անհրաժեշտ Քոչարյանին ազատ արձակելու համար: Այն հայթայթելու պարտականությունը իրենց ուսերին վերցրին Քոչարյանի եւ Սարգսյանի նախկին մարտական ընկերներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք հանձն առան այդ առաքելությունը՝ ակնկալելով նաեւ դատարանում իրենց հասցեին ուղղված վիրավորանքները:

Տարաձայնությունների վիհը Հայաստանի եւ Արցախի միջեւ աղետալի հեռանկար է նախատեսում, որն ամեն գնով պետք է կանխվի: Հնարավոր է, որ արտաքին ուժեր եւս խառնված լինեն այդ տարաձայնությունների առաջացմանը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ նման կործանարար երկպառակտչությանը աչալուրջ հետեւում է Իլհամ Ալիեւը, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի խորհրդանշական կացինը ձեռքին պահած՝ հարմար պահի է սպասում հարվածելու համար Ղարաբաղի եւ Հայաստանի ազգաբնակչությանը:

 

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930