Այս օրերին քաղաքական-բանավիճային գրեթե բոլոր հարթակներում ամենահաճախ հանդիպող բառը «վեթինգն» է, իսկ ամենաշատ հնչող տեղանունը՝ Ալբանիան, որպես «անցումային արդարադատություն» անցկացրած օրինակելի՜ երկիր, որտեղ «վեթինգ» է կիրառվել ոստիկանության, բանակի, հանրային ու պետական կառույցների եւ հատկապես դատավորների, դատախազների եւ ընդհանրապես արդարադատական մարմինների աշխատակիցներին զտելու կամ ընտրելու նպատակով:
Մերոնք աչքաթող են անում մի կարեւոր փաստ եւս. 1996-ից մինչեւ 2014 Ալբանիան 18 տարի շարունակ գտնվել է Եվրոխորհրդի անմիջական հսկողության եւ պարտադրանքների տակ՝ ոչ միայն «անցումային», այլեւ հիմնավոր, համակարգված բարեփոխումներ անցկացնելու, պետական ու հասարակական՝ միմյանց հակակշռող կառույցներ ստեղծելու նպատակով: Հսկողություն, որը դեռեւս լրիվ չի արդյունավորվել:
Իսկ ինչ վերաբերում է ալբանական «վեթինգ»-զտումներին, ապա մեզ համար հատկանշականը այն փաստն է, որ տարիներ շարունակ ընդդիմությունն է դեմ կանգնել դրա կիրառմանը՝ կասկածելով, որ «վեթինգային» մաքրագործումները պետական տարբեր կառույցներում եւ դատական համակարգում առավելաբար կզտեն իրենց կողմնակիցներին:
Նույնը նաեւ հատուկ է մեր իրականությանը, ուր ընդդիմադիրները խորապես եւ ոչ անհիմն կասկածեր ունեն, որ ներկա իշխանության ձեռքին «վեթինգը» կդառնա պատժիչ մի գործիք՝ ոչ-յուրայիններին պաշտոնազրկելու կամ պաշտոնի չկոչելու համար:
Կարդացեք նաև
Այս պայմաններում, կասկածանքի ներկա մթնոլորտում, անհրաժեշտ է, առանց ծալելու եւ գզրոց ուղարկելու մի կողմ թողնել «անցումային արդարադատության» ծրագիրը եւ լրջորեն զբաղվել համընդհանուր պետականաշինությամբ, անցկացնել սահմանադրական փոփոխություններ, ձերբազատվել միանձնյա ղեկավարման ներկա դրվածքից, ստեղծել իրական հակակշիռներ իշխանության տարբեր օղակների միջեւ ու հետզհետե բարեփոխել պետական ողջ համակարգը, ներառյալ արդարադատականը:
Այդ դեպքում մենք հավանաբար կարիք չենք ունենա ներմուծված կամ պարտադրված որեւէ մոդելի, դա լինի Ալբանիայից, թե որեւէ այլ երկրից: Մենք կարո՛ղ ենք դա անել:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում