Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վեթինգի» ժողովրդական ընկալումը

Հունիս 01,2019 10:00

1792 թվականի սեպտեմբերին միապետության տապալումից հետո Փարիզում «հաղթանակած ժողովրդի» ներկայացուցիչները («Կոմունայի» ղեկավարները) որոշեցին, որ կենտրոնական իշխանությունը՝ Օրենսդիր ժողովը, չափից դուրս դանդաղկոտ է, չափից դուրս ներողամիտ է հակահեղափոխականների հանդեպ եւ, մասնավորապես, չի շտապում լուծել բանտերում հայտնված «ռեժիմի մնացուկների» խնդիրը, քանի որ արդարադատության մարմիններում շարունակում են աշխատել թաքնված ռոյալիստները, եւ, հետեւաբար, ժամանակն է, որ ժողովուրդն արդարադատության գործն իր ձեռքը վերցնի:

Այդ նպատակով հեղափոխականները ստեղծեցին պատժիչ զինված ջոկատներ, որոնց մեջ մտան Փարիզի ամենաաղքատ շերտերի ներկայացուցիչները, այդ ջոկատները ներխուժեցին բանտեր եւ իրականացրեցին իրենց արդարադատությունը: Նրանց, ովքեր արտաքինից նման էին ազնվականների եւ քահանաների, այդ մարդկանց սպանեցին միանգամից, մնացածին «դատեցին» իրենց գիտելիքների ու պատկերացումների շրջանակներում: Այդպիսով բանտերում, վանքերում եւ տարբեր այլ վայրերում սպանվեց 12-15 հազար մարդ: Հեղափոխության «պաշտոնական» իշխանությունը թեեւ չէր ողջունում նման գործելակերպը, բայց «ժողովրդի կամքին» դեմ չէր գնում:

Այժմ մենք ապրում ենք շատ ավելի հումանիստական դարաշրջանում՝ «ժողովրդի անունից» սպանություններ գործելը Հայաստանում փոքր խմբի նախասիրությունն է: Գումարած դրան՝ մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք եւ օգտագործում ենք գեղեցիկ բառեր ու բառակապակցություններ՝ «վեթինգ», «լյուստրացիա», «անցումային արդարադատություն»: Իրականում այդ տերմիններն ունեն, իհարկե, իրենց ճշգրիտ գիտական կիրառումը, բայց կարեւոր է, թե ինչ է դրա տակ հասկանում մեր քաղաքացիների մեծամասնությունը:

Մարդիկ վերցնում են ինչ-որ կայամական չափանիշ եւ դրա վրա առաջարկում են «վեթինգ» կամ «լյուստրացիա» անել: Օրինակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում մայիսի 20-ին վարչապետի կոչով դատարանների շրջափակմանը: Նրանք, ովքեր հիացմունք չեն արտահայտում այդ ակցիայի վերաբերյալ, միանգամից հայտնվում են «լյուստրացիոն ցուցակում»՝ «ահա տեսնում եք՝ բնական լյուստրացիա է գնում, որովհետեւ այդպիսով բացահայտվում են հեղափոխության թշնամիները»: Այդպես է ստուգվում նաեւ դատավորի թեկնածուի հավատարմությունը հեղափոխությանը. «Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դատարանների շրջափակմանը: Ա՜խ, դուք չե՞ք ողջունում: Ուրեմն, չեք կարող դատավոր աշխատել»:

Մարդիկ «լյուստրացիայի» կամ «վեթինգի» տակ հասկանում են սահմանազատում, բաժանում «մերոնքականների» եւ «օտարների»՝ վերջիններիս փորձելով օտարել, մեկուսացնել հասարակական կյանքից: Եթե մարդը «մերոնքական» չի, ուրեմն նա «ժողովրդի հետ» չի եւ իրավունք չունի կարծիք արտահայտելու: Լավ է, իհարկե, որ դրա համար հիմա չեն սպանում: Այնուամենայնիվ 21-րդ դար է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սիրարփի Առուստամյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,
    ես դատարանների շրջափակումը համարում եմ անթույլատրելի արարք: Այսպես որ շարունակվի՝ դպրոցները, հիվանդանոցները, մանկապարտեզները, բուհերը (արդեն իսկ կան նման դեպքեր), այլևայլ հիմնարկները, գրասենյակները, գործարանները… (ցուցակը շարունակելի) ևս կարժանանան նման ճակատագրի:
    Եվ կեցցե՛ կառավարելի անարխիան:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930