Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոխգնդապետը բռնել է զինծառայողների ականջներից, մեկի մոտ գտնվող դրոշակով վնասել զինծառայողի հոնքը

Հունիս 01,2019 13:00

9-րդ կայազորային քննչական բաժինը Արթուր Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ նույն զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, 2019 թվականի հունվարի 14-ից 19-ն ընկած ժամանակահատվածում` ժամը 17:00-ի սահմաններում, գտնվելով զորամասի շտաբի դիմաց` թեյարանի մոտ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու` իր կանչին ուշացումով արձագանքելու կապակցությամբ, այլ բռնություն էր գործադրել ստորադաս հանդիսացող երկու անձանց` պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մ. Ազիզյանի եւ Ա. Մուքայելյանի նկատմամբ, «բռնել էր նրանց ականջներից եւ գլուխները 3-4 անգամ հարվածել իրար, ապա ծեծել է` ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Մ. Ազիզյանին, այն շարունակել նաեւ իր աշխատասենյակում` պատճառելով ֆիզիկական ցավ»:

Մեկ այլ դրվագով էլ, 2019 թվականի փետրվարի սկզբին զորամասի շտաբի դիմաց, «սուրհանդակի պարտականությունները թերի կատարելու կապակցությամբ՝ սեռական բնույթի հայհոյանք է տվել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա. Մուքայելյանի հասցեին` անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը»:

Բացի այդ, ըստ քրեական գործի նյութերի, նա փետրվարի 21-ին, առավոտյան տողանի ժամանակ, զորամասի շարահրապարակում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու` համազգեստը կեղտոտ եւ առանց տարբերանշանների կրելու կապակցությամբ դիտողություն է արել շարքում կանգնած պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Գրիգորյանին, ապա բռնություն գործադրել, բռնել վերջինիս ձեռքից, սեռական բնույթի հայհոյանքներ տալով քաշելով հանել շարքից, դրոշակները նետել դեմքին, հոնքի վերին շրջանում պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Դրանով չբավարարվելով, հրամանատարը զինծառայողին ապտակել է, հանձնարարել գնալ իր աշխատասենյակ, որի դիմաց Գ. Գրիգորյանն ընդունել է «հենում` պառկած դիրք», իսկ զորամասի հրամանատարը սկսել է ծեծել` ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին:

Նշենք, որ 2019 թվականի ապրիլի 22-ին փոխգնդապետ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ապրիլի 30-ից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող գործն ավարտվեց օրեր առաջ՝ մայիսի 13-ին: Այդ օրը հրապարակվել է դատավճիռը: Ի դեպ, տուժողները հայտնել են, որ հաշտվել են ամբաստանյալի հետ, նրանից բողոք չունեն եւ միջնորդել են նրա նկատմամբ մեղմ վերաբերվել:

Դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կանոնների համաձայն` հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 4 տարի ժամկետով ազատազրկմանը գումարել` ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նշանակված 4 տարի ժամկետով ազատազրկում պատժից 6 ամիսը, ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով նշանակված 6 ամիս ժամկետով ազատազրկում պատժից 3 ամիսը եւ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկումը:Դատավոր

Ն.Օհանյանը վճռել է ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել զորամասի հրամանատարության վրա։

Ինչպես Սյունիքի մարզում զինվորական շատուշատ գործեր, այս գործի քննությունն էլ անցկացվել է ոչ հրապարակային, արագացված ընթացակարգով:

Հրամանատարն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին:

Ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դատարանը դիտել այն, որ նրա խնամքին է մինչեւ 14 տարեկան երկու երեխա, ամբաստանյալը բնութագրվել է դրական, նախկինում դատապարտված եւ արատավորված չի եղել, ընտանիքի միակ կերակրողն է, պարգեւատրվել է բազմաթիվ պատվոգրերով, մեդալներով եւ շնորհակալագրերով:

Ըստ դատարանի իրավական գնահատականների. «Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը եւ բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաեւ տուժողների դիրքորոշումը, գտնում է, որ վերը թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետեւության, որ Արթուր Քոչարյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը եւ հանցագործությունների կանխմանը»:

Այս քրեական գործով քաղաքացիական հայց չի հարուցվել:

Ըստ դատարանի, դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերացնել Արթուր Քոչարյանի` ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

31.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930