Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ ողբերգություն կամ չար միտում այս համատեքստում չեմ տեսնում, որ Նազարբաեւը Փաշինյանին մեդալ չտվեց»

Հունիս 01,2019 13:30

Ըստ Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի՝ իրական վտանգը նրանում է, որ գործող իշխանությունը, գոնե առերեւույթ, չունի հակամարտության կարգավորման եւ այդ համատեքստում մեր ազգային շահերն առաջ մղելու սեփական ծրագիրը:

Հայաստանում վերջին շրջանում հնչող Հայաստան-Արցախ անջատողական հայտարարությունների, բռնության կոչերի, Նիկոլ Փաշինյանի Ղազախստան այցի, Հենրիխ Մխիթարյանի հետ կապված սկանդալի եւ այլ թեմաների մասին «Առավոտը» զրուցեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

-Ադրբեջանում պերմանենտ անցկացվող զորավարժությունների ֆոնին վտանգավոր չե՞ն Հայաստանում վերջին շրջանում հնչող Հայաստան-Արցախ անջատողական հայտարարությունները, կամ Արցախի ղեկավարության հասցեին հնչող բռնության կոչերը: Վերջինը, օրինակ, հնչեց Ազատության հրապարակում այն անձանց կողմից, որոնք ներկայանում էին Նիկոլ Փաշինյանի աջակիցներ եւ հանրահավաք անում:

-Իրական վտանգը նրանում է, որ գործող իշխանությունը, գոնե առերեւույթ, չունի հակամարտության կարգավորման եւ այդ համատեքստում մեր ազգային շահերն առաջ մղելու սեփական ծրագիրը: Այս պահի դրությամբ, չունենալով արդյունավետ բանակցային պաշտոնական դիրքորոշում, բանակցային գործընթացում մենք շարունակում ենք մնալ նախորդ իշխանությունների կողմից ընդունված Մադրիդյան սկզբունքներով նախանշվող կապիտուլյացիայի ու «Սասնա Ծռերի» կողմից շրջանառության մեջ դրված՝ Արցախը Հայաստանի մարզ հռչակելու վերջնագրային, հետեւաբար ոչ բանակցելի մոտեցման պատանդը: Ինչ վերաբերվում է բռնության կոչերին, ապա դրանք պետք է իրենց սաղմում ճզմվեն, եւ դա գործող իշխանության պարտականությունն է, անկախ այն բանից, թե այդ կոչերը հնչեցնողներն ովքեր են: Պետությունն ունի իր ձեռքի տակ այն ուժային կառույցները, որոնց միջոցով իրավունք ունի կանխել ու ճնշել ուժի կիրառման անօրինական ցանկացած նկրտում եւ այդ համատեքստում փողոցում հավաքվող «կամավորների» անհրաժեշտությունը բնավ չի կարող ունենալ:

-Ի՞նչ գնահատական կտաք Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան այցին եւ ԵԱՏՄ-ում տեղի ունեցած փոփոխություններին: Արդյոք անհանգստանալու հա՞րց է այն, որ Նազարբաեւը մեդալ է տվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին բացի Նիկոլ Փաշինյանից:

-Այն, որ ՀՀ վարչապետին Նազարբաեւի անվան շքանշան չի տրվել, կարող է ունենալ զուտ արարողակարգային պատճառաբանություն: Չի բացառվում, որ պատճառն այն է եղել, որ այդ շքանշանը նախատեսված է բացառապես պետության գլուխ հանդիսացող անձանց՝ միապետներին ու նախագահներին պարգեւատրելու համար, իսկ վարչապետ Փաշինյանն այդ կարգավիճակը չունի: Որեւէ ողբերգություն կամ չար միտում ես այս համատեքստում չեմ տեսնում:

-Ո՞րն է Ձեր գնահատականը Սամվել Բաբայանի համակիրների հետ կատարվածին, մասնավորապես այն, որ կրակահերթ են բացել նրա համակիրների ուղղությամբ:

-Այս միջադեպը պետք է համակողմանիորեն հետաքննվի, իսկ ապօրինաբար զենք օգտագործած անձինք պետք է կանգնեն դատարանի առջեւ ու կրեն համարժեք պատիժ, եթե նրանց մեղքն ապացուցվի:

-ՀՀ-ում օրեր առաջ ոստիկանները Ավան վարչական շրջանում կանգնեցրել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան եւ ցանկացել այն խուզարկել: Այս փաստը տարբեր մեկնաբանությունների առարկա դարձավ: Ի՞նչ միտումներ եք տեսնում նման զարգացումներում:

-Վիտալի Բալասանյանի հետ կապված այդ միջադեպի մասին տեղեկացել եմ ԶԼՄ-ներից ու չեմ կարող ասել, թե որքանով է անաչառ ու ճշմարիտ եղել այդ տեղեկատվությունը: Ամեն դեպքում, այն տպավորությունն եմ ունեցել, որ ոստիկանության կողմից ցուցադրական ակցիա է իրականացվել Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի նկատմամբ, ում ՀՀ գործող իշխանությունների վերաբերյալ հրապարակավ արված մի շարք հայտարարություններ ակնհայտորեն արհամարհական կամ սադրիչ հնչերանգներ են պարունակել: Կարծում եմ, որ միջադեպն ու դրա հետ կապված տեղեկատվական աղմուկը ծառայեցվել է Վիտալի Բալասանյանի քաղաքական վարկն ու դիրքերն ամրապնդելու խնդրին:

-Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, քանի որ անվտանգության բավարար երաշխիքներ Արդբեջանի կողմից չտրվեցին: Սա Ադրբեջանի հայատյացությա՞ն դրսեւորում էր, ինչպես մեկնաբանվում էր, թե՞ այլ հարթությունում էլ խնդիր կա:

-Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը հիմնված է շատ որոշակի սկզբունքների վրա: Մեծ հաշվով, Ադրբեջանը վարում է պետական ահաբեկչության քաղաքականություն, որի թիրախը մեզանից յուրաքանչյուրն է՝ հայկական ծագում ունեցող ցանկացած անձ: Դրան հնարավոր է արդյունավետ հակազդեցություն ցույց տալ միայն այն դեպքում, եթե պաշտոնական Երեւանն իր առջեւ նման խնդիր դնի եւ համապատասխան մասնագիտական աշխատանք կազմակերպի ու դրա համար պատշաճ պատասխանատվությունը ստանձնի: Հակառակորդի համակարգված քաղաքականությանը ֆուտբոլիստ Մխիթարյանի գործոնը հակադրելը լուրջ չէ, թեեւ դա որոշակի անհարմարություններ պատճառեց Բաքվի իշխանություններին: Այդուհանդերձ «Արսենալը» Բաքվում խաղաց ու պարտվեց, իսկ ադրբեջանական կողմն անգամ Մխիթարյանի պարագայում անպատիժ կերպով շարունակեց մնալ հայատյացության բացահայտ քարոզչության դիրքերում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

31.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930