Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը մանրամասնել է անցումային արդարադատության իր տեսլականը

Մայիս 31,2019 23:50

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը: Վերջինիս կազմում էին Իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության եւ իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հանգամանալի ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում զարգացող գործընթացները, անդրադարձել տարբեր ոլորտներում, այդ թվում` ընտրական, դատական, հարկային համակարգերում իրականացվող բարեփոխումներին, այն քայլերին, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության հետագա գարգացմանն ու քաղաքացիական հասարակության հետագա ամրապնդմանը: Արարատ Միրզոյանը հյուրերին մանրամասնել է անցումային արդարադատության իր տեսլականը:

«Մենք կարեւորում ենք, որ տարվող բարեփոխումները կրեն ինստիտուցիոնալ բնույթ, ինչը կապահովի որդեգրած քաղաքականության շարունակականությունը»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քրիստոս Ջիակումոպուլոսը նշել է, որ Հայաստան այցելության իրենց նպատակն է իշխանությունների եւ տարբեր գործընկերների հետ քննարկել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արդարադատության համակարգի անկախությունը, արդար դատաքննության իրավունքը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Ըստ նրա՝ իրավիճակի գնահատման արդյունքներով ԵԽ տարբեր կառույցները կառաջարկեն կարճաժամկետ եւ միջնաժամկետ փորձագիտական աջակցություն, կնախանշվեն համագործակցության հետագա ուղղությունները:

Երկուստեք արձանագրվել է բարեփոխումների գործընթացներում ներառականության ապահովման, տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության կարեւորությունը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Եվրոպայի խորհրդի կառույցներին` ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության, ինչպես նաեւ՝ հետագա փոխգործակցության պատրաստակամության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031