Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական հեղափոխությունն արդեն սկսվել է. Փաշինյանի հարցազրույցը ղազախական հեռուստաալիքին. (Տեսանյութ)

Մայիս 31,2019 23:45

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ղազախական «Խաբար» հեռուստաալիքին՝ խոսելով ԵԱՏՄ տարածությունում առկա խոչընդոտներից, Հայաստանի ինտեգրման գործընթացից, նավթամթերքի միասնական շուկայի հեռանկարներից և հայկական շուկայից, մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական ձեռքբերումների մասին:

«Արդեն հինգ տարի է, ինչ գործում է Եվրոպական տնտեսական միությունը, և դա հսկայական տնտեսական տարածություն է, որտեղ բացվում են մեծ հնարավորություններ մեր երկրների բիզնեսի համար,- ասել է Փաշինյանը:- Ես կարծում եմ, որ այս հինգ տարիների ընթացքում դա Եվրասիական տնտեսական միության գործունության կարևորագույն կողմն էր, քանի որ մեր տնտեսությունները իրապես ինտեգրվում են և անհրաժեշտ է ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի հետագա ինտեգրումն անցնի բարեհաջող: Եվ իհարկե, հիմա մենք ունենք բավականին մեծ խոչընդոտներ, որոնք կապված են երկրների օրենսդրության հետ՝ կարգավորումների հետ կապված, և հիմա Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է այդ խոչընդոտները լուծելու ուղղությամբ, որպեսզի ինտեգրումն ավելի հաջող անցնի»:

Փաշինյանը նկատել է, որ ինչպես ղազախական ընկերությունները ռուսական շուկայում, այնպես էլ հայկական ընկերությունները, նույնպես հնարավորություն չունեն մասնակցել պետական տենդերներին: «Դա կապված է որոշակի կարգավորումների հետ, մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Օրինակ` վերջին նիստի ընթացքում, որը տեղի ունեցավ Երևանում, մենք պայմանավորվեցինք, որ կաշխատենք, որպեսի Հայաստանի էլեկտրոնային ստորագրությունները ընդունվեն, քանի որ դա միակ խոչընդոտն է, որը թույլ չի տալիս հայկական ընկերություններին մասնակցելու պետական տենդերներին ԵԱՏՄ տարածությունում: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, մենք ունենք խնդիրներ կապված լեզվի հետ, և հիմա մենք աշխատում ենք այդ խնդրի լուծման շուրջ: Իհարկե, դրանք շատ զգայուն հարցեր են, և անհրաժեշտ է պարզապես քայլ առ քայլ գնալ դրանց հանգուցալուծմանը»,- ասել է Փաշինյանը:

Խոսելով այն հարցի շուրջ, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը մյուս երկրների հետ ընդհանուր սահման չունի, Հայաստանի վարչապետը նշել է, որ դա լուրջ խնդիրներ չի առաջացնում: «Հայաստանն ԵԱՏՄ լիարժեք անդամ է և իրավահավասար կերպով մասնակցում է ԵԱՏՄ-ին քաղաքական առումով: Իհարկե, այն լոգիստիկ խնդիրները, որոնք կան, որոշակի անհարմարություններ պատճառում են հայկական բիզնեսին, բայց բիզնեսն ընդհանրապես հարմարվում է այն պայմաններին, որոնք կան, և ես կարծում եմ, որ հիմա Հայաստանի տնտեսությունը բարեհաջող հարմարվում է այդ վիճակին: Իհարկե, մենք խնդիրներ ունենք ոչ միայն այն հարցում, որ ընդհանուր սահմաններ չունենք, այլև մենք չունենք երկաթուղիներ, որոնք կկապեին Հայաստանը ԵԱՏՄ-ին: Դա խնդիր է, և մենք փաստացի մեկ ճանապարհ ունենք՝ Վերին Լարսը՝ Վրաստանով, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում կբացվեն հաղորդակցության նոր ճանապարհներ, այդ թվում մենք հույս ունենք, որ կհաջողվի բացել երկաթուղային հաղորդակցություն Ռուսաստանի և Հայաստանի միջև Վրաստանով և Աբխազիայով: Այս բոլոր հարցերն, իհարկե, ունեն շատ կարևոր քաղաքական նրբերանգներ, բայց ես կարծում եմ, որ բոլոր կողմերի և տարածաշրջանի բոլոր երկրների համար շատ կարևոր են, որպեսզի բացվեն իրական նոր հնարավորություններ՝ տնտեսական հետագա զարգացման համար»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև խոսել է ԵԱՏՄ ընդհանուր գազա-նավթային միասնական շուկա ունենալու անհրաժեշտության մասին: «Դուք գիտեք, որ էներգառեսուրսները շատ մեծ նշանակություն ունեն ապրանքների ինքնարժեքի համար: Եթե, օրինակ, Ռուսաստանում գազը էժան լինի, իսկ, օրինակ, Հայաստանում՝ թանկ, դա արդեն անհնար կդարձնի ԵԱՏՄ գաղափարների իրագործումը: Նկատի ունեմ, որ գազի գինը ոչ միայն Հայաստանի տնտեսության օրակարգի, այլև ԵԱՏՄ արդյունավետության հարց է: Այսինքն, հնարավոր չէ ստեղծել իրական արդյունավետ միասնական տնտեսական տարածություն, եթե չլինի այդպիսի հավասարակշռված գին էներգառեսուրսների համար»,- ասել է նա:

Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Հայաստանի նավթամթերքի շուկայում նոր խաղացողների ի հայտ գալուն: .«Երկար ժամանակ մեր երկրում եղել է նավթամթերքի մենաշնորհ, և եղել են միայն երեք խաղացողներ, և մենք հիմա շատ շահագրգռված ենք, որպեսզի նոր խաղացողներ մուտք գործեն մեր շուկա, որպեսզի այդ շուկան դառնա առավել մրցունակ: Եվ ես գիտեմ, որ կան ղազախական ընկերություններ, որոնք հետաքրքրված են դրանով, նրանք արդեն սկսել են որոշակի գործունեություն ՀՀ-ում, և ես հույս ունեմ, որ դա կնպաստի մեր նավթային շուկայի հետագա զարգացմանը: Ինչ վերաբերում է սահմանների բացակայութանը, դա մի գործոն է, որը կունենա որոշակի ազդեցություն իրավիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ բիզնեսն արդեն հարմարվել է դրան, և չկան այդպիսի անհաղթահարելի խոչընդոտներ նաև այդ հարցում»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական իմաստով որևէ խոչընդոտ չկա նավթամթերքի ներկրման համար: «Հիմա շատ գործարարներ Հայաստան են ներկրում նավթամթերք, բայց ինստիտուցիոնալ առումով, ես նկատի ունեմ լիցքավորման կայանների ցանցերը և այլն, մեզ մոտ առայժմ նոր խաղացողներ չկան, և հիմա մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի նոր խաղացողներ ի հայտ գան, այդ թվում բանակցություններ են ընթանում ղազախական ընկերությունների հետ, և որքանով ես գիտեմ, նրանք շահագրգռված են, և անգամ գուցե որոշում են ընդունել մտնել հայկական շուկա»,- ասել է նա:

Լրագրողի հարցին՝ ինչպես է Հայաստանի համար որոշվում առաջնահերթությունները ԵՄ և ԵԱՏՄ շուկաների համար՝ Փաշինյանը պատասխանել է. «Կառավարչության նպատակն է պայմաններ ստեղծել, որպեսզի բիզնեսն ունենա առևտուր իրականացնելու իրական հնարավորություններ այն երկրների հետ, ում հետ ցանկանում է, և բիզնեսն է որոշում, որտեղ արտահանել, որտեղից ներկրել, իսկ կառավարությունը չի միջամտում այդ գործերին: Մեր գլխավոր նպատակն է ստեղծել իրական պայմաններ, պաշտպանել մեր բիզնեսի, մեր գործարարների իրավունքները, որպեսզի նրանք ունենան շուկայում աշխատելու իրական հնարավորություն: Մենք ունենք նաև GSP+ ռեժիմի պայմանագիր, որը ԵՄ շուկա արտահանման հնարավորություններ է ստեղծում, և մեզ համար դա շատ կարևոր է, մենք հռչակել ենք արտահանմանն ուղղված տնտեսական զարգացման կուրս: Եվ այդ հնարավորությունները շատ կարևոր են ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նաև խոսել է մեկ տարվա ընթացքում կառավարության գրանցած տնտեսական ձեռքբերումների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս տարի բյուջեի եկամուտներն ավելացել են 25 տոկոսով: «Մեկ տարվա ընթացքում բյուջեի եկամուտների աճը 25 տոկոսով շատ լավ է, մենք ոչ միայն աճել են եկամուտները, մենք նաև գերակատարել ենք պլանը, և համոզված ենք, որ այս տարի կգերակատարենք բյուջեի եկամուտների պլանը 130 մլն դոլարով, և դա մեծ գումար է Հայաստանի բյուջեի համար: Մենք դա կծախսենք կապիտալ նպատակների համար, որպեսզի բարձրացնենք, օրինակ, զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը… Ապրիլին արդեն տնտեսական աճը գերազանցել է 9 տոկոսը, և դա մեզ տալիս է վստահություն, որ այն տնտեսական հեղափոխությունը, որ մենք հայտարարել էինք տարվա սկզբին, իրապես սկսվել է, և դա կհանգեցնի կոնկրետ արդյունքների, իրական տնտեսական արդյունքների»,- ասել է Փաշինյանը:

Խոսելով ծրագրերից՝ վարչապետն ասել է, որ այժմ Հայաստանի համար կարևորագույն խնդիր է դատական համակարգի բարեփոխումները, ինչը պետք է դրական անդրադառնա նաև բիզնեսի վրա: «Նոր ներդրումներ ներգրավելու համար շատ կարևոր է երաշխավորել դատական իշխանության իրական անկախությունը, որպեսզի ցանկացած ներդրող համոզված լինի, որ եթե իր մոտ խնդիրներ առաջ գան, իհարկե լավ կլինի, որ խնդիրներ չառաջանան, բայց եթե առաջանան խնդիրներ, կան իրական անկախ դատարաններ, որոնք կգործեն օրենքով և կվերականգնեն օրինականությունը»,- եզրափակել է Փաշինյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031