Մայիսի 2-ին արտաշատցի ամուսիններ Տիգրան Հախվերդյանի և Համեստ Դոլուխանյանի ընտանիքում ուրախալի իրադարձություն արձանագրվեց՝ լույս աշխարհ եկան նրանց երեք փոքրիկները՝ ուրախություն ու հրճվանք պատճառելով ինչպես ծնողներին, այնպես էլ տատիկներին՝ տիկին Անուշին և տիկին Անժելային:
Ընտանիքին համակած ուրախությունը շտապեց կիսել Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, ով տիկնոջ՝ Զառա Ավետիսյանի հետ այսօր այցելեց և շնորհավորեց երջանիկ ծնողներին: Ներկա էր նաև քաղաքապետարանի սոցհարցերի ու ծրագրերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը:
Փոքրիկները՝ Իռենը, Էսֆիրն ու Արենը իրենց լավ էին զգում և մուշ-մուշ քնած էին: Քիչ անց միայն Արենն արթնացավ և ‹‹տղամարդավարի›› դիմավորեց հյուրերին: Ընդհանրապես, ինչպես նշում է Համեստը, ով ամուսնու հետ որպես ծրագրավորող է աշխատում երևանյան ընկերություններից մեկում, փոքրիկները հանգիստ են, շատ լաց չեն լինում: Եվ չնայած խնամելու դժվարություններին, եռյակի ծնունդն ինչպես անսպասելի, այնպես էլ շատ հաճելի է ծնողների համար:
-Սրտանց շնորհավորում եմ այս ուրախալի առիթով,-դիմելով ներկաներին նշեց պարոն Բենիամինյանը,- Թող այս փոքրիկները և բոլոր մանուկները լինեն առողջ, սիրված ու պաշտպանված: Ապրեն խաղաղ երկնքի տակ ու միշտ ժպտան, ես էլ որպես համայնքի ղեկավար միշտ կլինեմ ձեր կողքին ու հնարավորության սահմաններում կօգնեմ:
Քաղաքապետը նաև դրամական պարգև և նվերներ էր պատրաստել, որոնք սիրով հանձնեց ծնողներին:
Կարդացեք նաև
Շոյված ջերմ վերաբերմունքից պարոն Բենիամինյանին իրենց անկեղծ երախտագիտությունը հայտնեցին փոքրիկների ծնողները և տատիկները՝ նշելով, որ շատ ոգևորիչ ու ուրախալի է համայնքի ղեկավարի ուշադրությունը:
Գոհար Հովսեփյան