Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Սարգսյանը կամ հրաժարական պետք է տա, կամ կարգի հրավիրի գործադիր իշխանությանը». Գեւորգ Պետրոսյան

Մայիս 31,2019 23:03

Նախագահ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանին առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նախագահ Արմեն Սարգսյանը, Սահմանադրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակում արդեն մեկ տարի է ներգրավված է այդ գործընթացում: Նրա առաջադրած մի քանի թեկնածություններ մերժվեցին խորհրդարանի կողմից:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը խորհրդարանն արդեն մեկ անգամ մերժել էր: Նախագահի առաջադրած նախավերջին թեկնածուն Գոհ Հովհաննիսյանն էր: Նրա թեկնածության առաջադրումից հետո արդեն քննարկումներ սկսվեցին`կարո՞ղ էր կամ պետք էր, որ նախագահը կրկին Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրի: Խորհրդարանի կողմից մերժված վերջին թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր: Վահե Գրիգորյանն իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն է:

Այս առաջադրումով, փաստորեն, խորհրդարան-նախագահ հակադրությունում հաղթեց խորհրդարանը`Aravot.am-ի դիտարկմանը, ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Փաստորեն, այո: Բայց ոչ թե խորհրդարանը հաղթեց, այլ գործադիր իշխանության ղեկավարը, քանի որ չեմ կարծում, որ խորհրդարանի մեծամասնության եւ գործադիր իշխանության ղեկավարի միջեւ այդ հարցում համաձայնություն չլինի»:

Ընդդիմադիր պատգամավորը սրանով է պայմանավորում նախորդ թեկնածությունների տապալումը: Իր համար հատկապես զարմանալի է, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվեց նախորդ թեկնածության տապալվելուց մի քանի ժամ անց: Դատելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն հայտարարություններից, որ իրենք ՍԴ դատարանի անդամի թեկնածության հարցին մոտենում են քաղաքական կոմպոնենտից ելնելով, մեր զրուցակիցը ենթադրում է, որ անկախ մասնագիտական որակներից, իշխող կուսակցությունում քաղաքական որոշում կար`«շարքից հանել մյուսներին եւ տեղը խցկել իրենց համար նախընտրելի թեկնածուին»: Մեր զրուցակիցը նկատում է`այսպիսով` շարունակվում են «լավագույն ավանդույթները»:

Ինչ վերաբերվում է իշխող ուժի կողմից նախագահի վրա ճնշում գործադրելուն, Գեւորգ Պետրոսյանն ասում է`դժվար է նման բան հայտարարել, քանի որ դա անտեսանելի է, բայց, կարծում է, որ նախագահը պետք է առաջադրեր այլ թեկնածուի`նման ենթադրություններից խուսափելու համար, մանավանդ, որ խորհրդարանի առանձին պատգամավորներ վիճարկում էին նույն թեկնածուին կրկին առաջադրելու հարցի սահմանադրականությունը: «Մեր երկրում միայն Վահե Գրիգորյա՞նն է, որ արժանի է ՍԴ անդամ լինելու»,- հարցնում է մեր զրուցակիցը`բնավ չվիճարկելով Վահե Գրիգորյանի մասնագիտական որակները, դրանց մասին ոչ լավ, ոչ վատ կարծիք չի հայտնում, բայց հիշում է, որ Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ: «Ի՞նչ է նշանակում ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվել: Բա ԱԺ-ն ինչպե՞ս է ոչ լեգիտիմ մարդու կողմից առաջադրած թեկնածուի մասին քննարկումներ կազմակերպելու»,- կրկին հարց է հնչեցնում Գեւորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, Վահե Գրիգորյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ: Գեւորգ Պետրոսյանը նկատում է, որ սա մի քանի անհայտով հավասարում է, բայց եւ ընդգծում, որ ինքը դժկամությամբ չի վերաբերվում այս թեկնածությանը, Վահե Գրիգորյանին էլ չի ճանաչում, բայց այս գործընթացներից տպավորություն ունի, որ անցումային արդարադատություն կոչվածը եւ մնացած «բոլոր խաղերը» միտված են ոչ թե իրականում ամրապնդել դատական համակարգի անկախությունն, այլ իշխանության համար «կառավարելի դատավորներին խցկել» իրենց համար ցանկալի տեղերում:

Գեւորգ Պետրոսյանն, ամեն դեպքում զգուշացնում է իշխող ուժին, որ Վահե Գրիգորյանի թեկնածության շուրջ սահմանադրականության խնդիր կարող է առաջանալ. «Բայց թող գա ներկայանա, մենք էլ կքննարկենք եւ կընդունենք որոշում: Համենայնդեպս, ես, նախագահի փոխարեն, չէի առաջադրի նույն անձին`հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Այսօր արդեն շատերն են ասում, որ նախագահն իր ինքնավարությունը փրկելու վերջին հնարավորությունը տանուլ տվեց»: Այս ամենից հետո, Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանը երկու տարբերակ ունի. «Երբ պետության գլխի առաջադրած թեկնածուներին ԱԺ-ն շարունակաբար չի ընդունում`կամ հրաժարական տալ, կամ էլ գտնվել իր բարձրության վրա եւ Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներն ու իրավունքներն ինքնուրույն իրականացնելով`կարգի հրավիրել գործադիր իշխանությանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031