Այսօր Հայաստանի մարզերի 9-ից 13 տարեկան շուրջ 30 երեխաներ եղան ֆուտբոլի ակադեմիայում, տեսան, թե ինչ պայմաններում են մարզվում ազգային հավաքականների մարզիկները, շփվեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գեւորգ Ղազարյանի եւ Ռումյան Հովսեփյանի հետ, նրանցից բազմաթիվ օգտակար խորհուրդներ լսեցին, որոնք պետք կգան թե ուսման մեջ, թե մասնագիտություն ընտրելու հարցում:
Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը Aravot.am-ին ասաց. «Վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին հունիսմեկյան տոնական միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանի եւ Արցախի 500 երեխաների համար: Հայաստանից հիմնականում սահմանամերձ գյուղերից են, Արցախից՝ ապրիլյան պատերազմի զոհերի երեխաները: Նրանց համար կազմակերպվել են բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ ու հանդիպումներ, որոնց մեջ զգալի տեղ է հատկացվել սպորտային ուղղվածությանը: Մասնավորապես, այսօր երեխաների մի խումբ այցելել է «Թումո» կենտրոն, մեկ այլ խումբ կենդանաբանական այգում է, երրորդ խումբը եկել է ֆուտբոլի ակադեմիա, մյուսները գնացել են գեղասահքի դպրոց: Վաղը նախատեսվում է հանդիպում ըմբշամարտի ֆեդերացիայում, Արսեն Ջուլֆալակյանի հետ եւ այլն: Այսինքն, աշխատել ենք բավարարել երեխաների տարբեր նախասիրություններն ու ճաշակները»:
Հարցին, թե նախաձեռնությունը ողջունելի է, սակայն հեռավոր մարզերի գյուղերում բնակվող երեխաների համար տարվա ընթացքում մեկ-երկու օրվա միջոցառում կազմակերպելը, այնուամենայնիվ, խնդրի լուծում չէ, նրանց համար սպորտով զբաղվելու պայմաններ պետք է ստեղծել, Հասմիկ Հարությունյանը պատասխանեց. «Մարզերի երեխաներին, որոնք այնքան էլ հաճախ հնարավորություն չեն ունենում մարզական միջոցառումների մասնակցել կամ ներկա լինել, որոշեցինք մասնակից դարձնել այս նախաձեռնությանը, շեշտը դնել տարբեր ուղղությունների վրա, որպեսզի երեխաների համար էլ հետաքրքիր լինի եւ իսկապես տոն պարգեւենք երեխաներին: Դա մեզ համար շատ կարեւոր է: Իսկ ինչ վերաբերում է պայմաններ ստեղծելուն, դա կառավարության լուծելիք հարց է»:
Երեխաները ծանոթացան Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գեւորգ Ղազարյանի եւ Ռումյան Հովսեփյանի եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ, որոնք պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին, տվեցին խորհուրդներ, որոնք, անշուշտ օգտակար կլինեն կյանքում: Իսկ վերջում ֆուտբոլիստները ի նշան հիշատակի երեխաներին ֆուտբոլի գնդակներ եւ մարզագլխարկներ նվիրեցին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ