Վաղը՝ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է եւ Aravot.am-ը պատգամավորներից փորձեց պարզել, թե ի՞նչ չարաճճիություններ են արել փոքր ժամանակ, ինչպիսի՞ երեխա են եղել, ի՞նչ հիշողություններ ունեն մանկությունից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին հարցրեցինք՝ փոքր ժամանակ վստահաբար չարաճճի եք եղել, հետաքրքիր բան կհիշե՞ք՝ դո՞ւք եք ծեծել, բակում…ձեզ են ծեծել, փողոցում «ռազբորկաների» մեջ եք եղել, թե՞ ոնց: Նա պատասխանեց. «Չէ, բազարների մեջ չեմ եղել, բայց բոլոր խաղերը խաղացել եմ, անշուշտ՝ գետնից բարձր, մրոցի, բադերի որսորդ՝ էն, որ քարերը գցած հավաքում էիր, գնդակը գցում, թափում էիր, ծառերի վրա բարձրանալ, մրգեր հավաքել…»:
Հարցին՝ «ցոգոլ» գողացե՞լ եք՝ Ջուլֆալակյանը պատասխանեց. «Էդ գողություն չէր, բնության ծառերն էր, բնությունից էինք գողանում»:
Նա ասաց, որ Գյումրիում քանի որ քանդված շենքերը շատ էին, ծնողներին չեն լսել ու մտել են կիսաքանդ կառույցները. «Հիմա եմ հասկանում, թե ինչ վտանգավոր բաներ ենք արել: Գյումրիի կենտրոնում այդպիսի կիսաքանդ շենք չկար, որի տանիքին բարձրացած չլինեինք ընկերներով, այդ թվում՝ այսօրվա սուրբ Ամենափրկիչ եկեղեցու, կիսավեր վիճակում էր, անընդհատ այնտեղ էինք հավաքվում ընկերներով, երեխա էինք, չէինք հասկանում: Ընդամենը մի ամիս առաջ էնտեղ էի, նայում էի ուր եմ բարձրացել, հսկողություն չկար…իրոք, վտանգավոր էր: Բայց ուրախ էր մանկությունը, անկախ նրանից՝ լույս է եղել, մութ է եղել, ծնողների մոտ խնդիրներ եղել են, թե չէ, դե, հիշում ենք ինչ տարիներ էին՝ մութ, ցուրտ, պատերազմական, ճգնաժամային: Հիշում եմ ինչպես էինք մեր տանը հավաքվում հարեւաններով, հայրս արտասահմանից վիդեոմագնիտաֆոն կոչվածն էր բերել, առաջիններից մեկն էինք, որ Գյումրիում ունեինք, ֆիլմեր էինք նայում, այդ թվում՝ հնդկականները»:
Կարդացեք նաև
Թե հնդկական կինոներից հատկապես որն է եղել իր սիրելին, «Վրեժի ծարա՞վը»՝ Արսեն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Չէ, հներն եմ շատ սիրում, օրինակ, Պարոն 66 էր, եթե չեմ սխալվում, կամ 33»: Ավելի ուշ Google որոնման համակարգում փնտրելով Ջուլֆալակյանի սիրած ֆիլմը, պարզվեց ոչ Պարոն 66 էր, ոչ էլ 33, 420 էր:
Ջուլֆալակյանը սկսեց պատմել, թե ինչքան շատ է սիրում այդ ֆիլմը. «Մինչեւ հիմա էլ շատ արդիական է, շատ դաստիարակչական: Ջիմի-ջիմի բան, դրանք էդքան չէի սիրում, ավելի շատ Կապուրինը, «Ծաղիկը փոշու մեջը» հիշեցի, շատ կային, հավաքվում էինք, նայում էինք, լոտո էինք խաղում: Շատ սիմվոլիկ էր, հիմա որ նայում ես, էդ ջերմությունը պակասում է, էդ հարեւանությունն էլ չկա, էդ անմիջականությունը չկա: Տեխնոլոգիաները զարգացել են, կապը կտրվել է: Հեռախոս չկար, միայն լարով հեռախոս էր, դա էլ հիշեցի»:
Հարցրեցինք, թե փոքր ժամանակ ի՞նչ պատմությունների մեջ է ընկել, մի հետաքրքիր միջադեպ կհիշի՞՝ Ջուլֆալակյանը պատմեց. «Գերազանցիկ էի, մաման միշտ գեղեցիկ, մաքուր հագցնում, ուղարկում էր դասի, հետ էի գալիս, բակում կար կոշկակարի բուդկա կոչվածը, շատ էի սիրում էնտեղ լինել, հետեւել աշխատանքին: Մտնում էի սպիտակ վերնաշապիկով ու սեւ, մրոտված, կլեյի մնացորդներով հետ էի գալիս տուն: Մայրս գալիս էր, ծեծուջարդով՝ այ տղա, ես քեզ ուղարկել եմ ուսման, դու կոշի՞կ ես կպցնում: Էդ էլ էր հետաքրքիր»:
Հարցին՝ ի՞նչ էիք երազում դառնալ՝ Ջուլֆալակյանը պատասխանեց. «Միշտ հերոսներ ես չէ՞ ունենում ֆիլմերից, բան…Ես փոքրուց ուզել եմ չեմպիոն դառնալ՝ հորս օրինակով: Հետո արդեն դպրոցում սեր կար ուսման ու 8-րդ դասարանից շատ գրավեց դիվանագետի մասնագիտությունը, դրա համար էլ ընդունվեցի, ուզում էի դեսպան դառնալ: Մի պահ կար, ուզում էի հաղորդում սկսել՝ արկածների որոնման տարբերակով, որը հիմա շատ մոդա է, ես 2004-2005 թվերին էի էդ մասին մտածում: Միգուցե ինչ-որ տարիքում դա փորձեմ անել, ժամանակը ցույց կտա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ