Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». ինչպե՞ս շան ձագին սովորեցնել կարիքները հոգալ դրսում

Մայիս 31,2019 23:13
shun

Արթնանալուց, սնվելուց եւ խաղալուց հետո 3 ամսականից մեծ ձագին պետք է դուրս տանել: Եթե կենդանին ավելի հաճախ է կարիքները հոգում, քան դուք նրան դուրս եք հրավիրում, ավելի հաճախակի դարձրեք գործընթացը

Եթե ձեր ընտանիքում քոթոթ է հայտնվելու, ապա նրան դաստիարակելու նրբություններին, այդ թվում՝ ճիշտ վայրում կարիքները հոգալ սովորեցնելու հմտությանը, դուք պետք է տիրապետեք նախապես: Իսկ եթե չորքոտանի փոքրիկը ձեր ընտանիքի անդամ է դառնում հանկարծակի, ինքնակրթությանը պետք է շատ ժամանակ հատկացնեք: Նախեւառաջ, զինվեք համբերությամբ, քանի որ շան ձագը ռոբոտ չէ, եւ հնարավոր չէ միանգամից նրան «ծրագրավորել» այնպես, որպեսզի կարիքները հոգա ճիշտ վայրում:

Շան ձագի տարիքը

Եթե փոքրիկը 1-3 ամսական է, նրա «տնային աշխատանքը» երկար է տեւելու, քանի որ նա դեռ փոքր է եւ չի կարող երկար «համբերել»: Իսկ ահա 4-5 ամսականն ավելի շուտ կսովորի կարիքները հոգալ դրսում: Ժամանակի ընթացքում նրա համար ավելի հեշտ կլինի սպասել տերերի տուն գալուն, որպեսզի իրեն դուրս տանեն: Եթե ձագին ճիշտ չսովորեցնեք, արդյունքը կձգձգվի, կամ, առհասարակ, չի լինի: Հիշեք, որ սխալը միշտ պետք է ձեր մեջ փնտրեք, ոչ թե ձագուկի:

Կարիքները հոգալու առանձնասենյակ

Եթե հնարավորություն ունեք տան կամ բնակարանի թեկուզ փոքրիկ մի սենյակը հատկացնել միայն ձագուկին, հրաշալի կլինի: Անհրաժեշտ է սենյակի հատակը ծածկել թղթե «սավաններով», տեղադրել կերակրամանը եւ ջրի ամանը: Այդ սենյակում անհրաժեշտ է թողնել ձագին, եթե դուք աշխատանքի եք գնում, կամ երբ գիշերը քոթոթը պետք է հոգա կարիքները, սակայն նրան դուրս տանելը նպատակահարմար չէ: Եթե առանձին սենյակ հատկացնելու հնարավորություն չկա, տան մի հատվածում ձագի համար տեղ առանձնացրեք, սահմանազատեք այն(վանդակը բացառել), հատակին թերթեր փռեք, տեղադրեք կերակրամանը, ջրի ամանը: Այս տարածքում ձագը պետք է գտնվի գիշերը եւ տերերի՝ աշխատանքի լինելու ժամանակահատվածում: Որպեսզի ձագը հնարավորինս շուտ սովորի կարիքները հոգալ դրսում, առաջին 1-2 շաբաթում տերերը պետք է անհրաժեշտ պահերին տանը լինեն եւ ժամանակին դուրս տանեն նրան:

Ինչպե՞ս վերաբերվել 1-3 ամսական ձագին

Ձագը պետք է կարիքները հոգա ոչ թե հատակին փռված թերթերի վրա, այլ դրսում, բայց նրան անմիջապես պետք է սովորեցնել դրան: 1-3 ամսական ձագին պետք է դուրս տանել յուրաքանչյուր կերակրվելուց հետո, նաեւ՝ ձագի արթնանալուց անմիջապես հետո: Ակտիվ խաղերից հետո եւս քոթոթին պետք է տանել՝ կարիքները հոգալու: Եթե նկատում եք, որ ձագը կարծես «փնտրում» է կարիքները հոգալու տեղ, անմիջապես արձագանքեք նրա պահանջին: Եթե դուք աշխատում եք եւ ձագի նշյալ տարիքում չեք կարող նրան սովորեցնել կայուն ռեժիմով, գործընթացը ձգձգվելու է, իսկ երբեմն՝ անարդյունավետ է լինելու: Երբ ձագը դրսում հոգում է կարիքները, մշտապես լսելի կերպով «գովեք» նրան՝ «ապրե՜ս»(կամ այլ՝ մշտապես կիրառելի հրահանգ): Իսկ եթե ձագը կեղտոտել է տանը, «պատժեք»՝ ոչ թե ֆիզիկապես, այլ բարձր եւ կոպիտ տոնով՝ նայելով աչքերի մեջ եւ ասելով մշտապես կիրառելի որեւէ արտահայտություն(«ֆու», «չի կարելի»): Բղավել պետք չէ, բայց սաստող հրահանգը պետք է հնչեցնել կտրուկ եւ կոպիտ: Եթե ձագը չի հոգում կարիքները, փոքր-ինչ ավելի անցկացրեք նրա հետ դրսում, կամ ակտիվ խաղեր խաղացեք: 1-3 ամսականները, միեւնույնն է, երկար «համբերել» չեն կարող: Չմոռանաք գովել քոթոթին, երբ նա հոգում է կարիքները: Դա պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչեւ ձագը հասկանա, թե ինչ եք իրենից ակնկալում: Գիշերը ձագին թողեք առանձնացված սենյակում կամ վերը նկարագրված տարածքում: Քանի դեռ ձագը չի սովորել համբերել, մինչեւ իրեն դուրս կտանեն, հատակը պետք է պատված լինի թերթերով: Սովորելուց հետո կարող եք հավաքել դրանք եւ ձագին թույլատրել լինել բոլոր սենյակներում:

Ինչպե՞ս սովորեցնել 3 ամսականից մեծ ձագին

Արթնանալուց, սնվելուց եւ խաղալուց հետո 3 ամսականից մեծ ձագին պետք է դուրս տանել: Եթե կենդանին ավելի հաճախ է կարիքները հոգում, քան դուք նրան դուրս եք հրավիրում, ավելի հաճախակի դարձրեք գործընթացը: Եթե, այնուամենայնիվ,  ձագը տանն է հոգում կարիքները, անպայման խիստ տոնով պետք է սաստող հրահանգ տալ եւ «պատժել»՝ թեթեւ «հարվածելով» հետնամասին (պոչից փոքրինչ վերեւ): Մի քանի անգամ այսպես «պատժելուց» հետո դրա կարիքն այլեւս չի լինի:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Նյութը կրում է տեղեկատվական բնույթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031