Վաղը Երեխաների պաշտպանության օրն է եւ Aravot.am-ը պատգամավորներից փորձեց պարզել, թե ի՞նչ չարաճճիություններ են արել փոքր ժամանակ, ինչպիսի՞ երեխա են եղել, ի՞նչ հիշողություններ ունեն մանկությունից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը պատմեց, որ փոքր ժամանակ տարօրինակ երազանքներ է ունեցել. «Ես երազել եմ, որ ինձ այլմոլորակայինները տանեն: Փոքր ժամանակվանից ինձ համար ամենագեղեցիկը աստղազարդ երկինքն էր, եւ ես համոզված ու վստահ էի, որ տիեզերքում կյանք կա: Իմ առաջին «2»-ը եւ նկատողությունը ուսուցչից ստացել եմ դրա համար, ուսուցիչս ասեց, որ մենք միակ գիտակից եւ բանական էակներն ենք: Եթե չեմ սխալվում, ես 6-րդ դասարան էի, ըմբոստացա, ասեցի՝ ո՞նց կարող եք էդպես ասել, ո՞նց կարող է մարդ էդքան էգոիստ լինել ու կարծել, որ անսահման, անծայրածիր տիեզերքում միայն ինքն է բանական էակ: Ես նկատողություն ստացա եւ «2», հետո հայրիկիս բողոքեց, հայրիկս էլ էր իմ ուսուցիչը, ասեց՝ Քրիստինեն ինձ էգոիստ է անվանել բոլորի ներկայությամբ: Ես անկեղծորեն մինչեւ հիմա կարծում եմ, որ մարդը պետք է էգոիստ լինի, որ կարծի, թե ինքը միակ բանական էակն է անծայրածիր տիեզերքում: Իմ ամենատարօրինակ երազանքը երեւի դա է եղել, ոչ թե նրա համար, որ ես ցանկացել եմ լքել Երկիր մոլորակը, այլ որովհետեւ կարծել եմ, որ դրանից այն կողմ էլի բաներ կան, որ պետք է տեսնել»:
Քրիստինե Պողոսյանը պատմեց, որ ինքը միշտ փորձանքների մեջ է ընկել. «Միշտ ունեցել եմ բազում կտրվածքներ եւ վնասվածքներ: Որ փորձեմ հիշեմ, թե որպես երեխա ինչից եմ ամենաշատն ուրախացել, ուրախացել եմ իմ հեծանիվից, ես 4-5 տարեկան էի՝ իմ առաջին հեծանիվն ունեցա, հետո հեծանիվները փոխարինվեցին, փոխարինվեցին մեծանալուս հետ: Դրա համար հայրիկիս եմ շատ շնորհակալ, իմ ամենասիրելի նվերն է արել»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ինքը 3 տղա ունի եւ մանկությունից շատ չի կտրվել. «Ես վերջին 15 տարին անընդհատ մանկական հիշողությունների մեջ եմ: Փոքր ժամանակ շատ չարաճճի եմ եղել, շատ աշխույժ, մի քիչ կռվարար: Չեմ եղել անկարգ»:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խաղեր է խաղացել, պատգամավորը թվարկեց. «Խաղացել եմ ամեն ինչ՝ հալամուլա, կլասս, ռեզինկա էլ ենք թռել, ինչ հնարավոր էր՝ խաղացել ենք, ֆուտբոլ էլ»:
Հարցին՝ խաղերի մեջ առաջատա՞ր էիք, թե՞ պարտվում էիք, նա պատասխանեց. «Առանց ավելորդ համեստության ասեմ, որ ես միշտ եմ եղել առաջատար, կազմակերպչի, գլխավորի դերում եմ եղել: Ամենասիրելի խաղերից մեկը եղել է ֆուտբոլը, ես տարիներ շարունակ խաղացել եմ: Արդեն հասուն տարիքում իմ գործընկերների հետ մինի ֆուտբոլի մրցաշարերի ենք մասնակցել, որում ես 3 անգամ չեմպիոն եմ եղել: Վերջին մի քանի տարում չեմ խաղում, որովհետեւ ծնկի վնասվածք ունեմ: Երեխա ժամանակ շատ աշխույժ եմ եղել, բայց երբեք ու երբեք չեմ անցել մեծերի հանդեպ իմ սահմանը: Դա գալիս է նրանից, որ ես ճիշտ ծնողների ընտանիքում եմ մեծացել, եւ հայրիկս ասել է, որ մեծերի հանդեպ հարգանքն ամենակարեւոր բանն է»:
Քրիստինե Պողոսյանն ասաց, որ ինքը հիմա փորձում է հասկանալ իր երեխաների անկարգությունները, չարաճճիությունները, ըմբոստությունները. «Սերունդների մեջ տարբերություն բնականաբար կա, բայց ես երբեք չեմ ասի, թե մեր սերունդը…սա ի՞նչ սերունդ է: Մենք չունեինք ժամանակակից տեխնիկա: Իմ տղան 12 տարեկան է, արդեն ինքնուրույն խաղերի ծրագրավորում է անում, ես հպարտանում եմ: Այս սերունդն ավելի հնարավորություն ունի ու չեմ կարող ասել, թե այս սերունդն ավելի վատն է, սերունդներն ավելի խելացի են դառնում»:
Մյուս պատգամավորների հիշողությունները՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ