Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական ուժերով պետք է աջակցենք Ջավախքի համար կազմակերպվող թելեթոն-դրամահավաքին

Մայիս 31,2019 19:33

Այս տարվա հունիսի 2-ին ԱՄՆ-ում տեղի կունենա Ջավախքին նվիրված թելեթոն-դրամահավաք, որը նախաձեռնել է Սփյուռքի Միասնության Հարթակ նախաձեռնությունը։ Մարաթոնի նպատակն է գումար հավաքել Ախալցխայում Մարզամշակութային կենտրոն հիմնելու համար, որը ծառայելու է հայ եւ վրաց երիտասարդների կարիքների համար։ Ապագայում նախատեսվում է նմանատիպ կենտրոններ կառուցել Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում։

Դրամահավաքի գաղափարը հենց մարաթոնի միջոցով եզակի է իր բնույթով եւ մինչև այս պահը ոչ մի կազմակերպություն Հայաստանում, սփյուռքում թե Ջավախքում չէր կազմակերպել նման մեծ մասշտաբի միջոցառում, որի միջոցով փորձ արվեր ընդգրկել ԱՄՆ-ի ու սփյուռքի հայության մեծ մասին Ջավախքին օժանդակելու գաղափարի շուրջ։ Այդ իսկ պատճառով անչափ կարեւոր է, որպեսզի այս ծրագիրը հաջողվի եւ ունենա իր շարունակությունը։

Դրամահավաք կազմակերպելու գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի մի շարք կազմակերպություններ համագործակցելով Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի հետ ավելի խորն են սկսել գիտակցել ու հասկանալ Ջավախքի խնդիրների մասին ու թե ինչ նշանակություն ունի այս գեղեցիկ շրջանը Հայաստանի ու Վրաստանի ազգային անվտանգության համար։ Կենտրոնի վերլուծությունների, առաջարկությունների հիման վրա կազմած ծրագրերից ԱՄՆ-ի Սփյուռքի Միասնության Հարթակը  հավանության արժանացրեց հենց Մարզամշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը, որի համար եւ կազմակերպվելու է Ջավախքի անդրանիկ թելեթոն-դրամահավաքը։

Միջոցառմանը նախապես հրավիրվել են ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը եւ Լոս Անջելեսում Վրաստանի հյուպատոսը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մշտական կապի մեջ են այնտեղի հայ համայնքի հետ։ Ծրագրի նպատակներից մեկն էլ հայ-վրացական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն է։ Վրաստանի դեսպանին եւ հյուպատոսին հրավիրելու գաղափարը կայանում է նրանում, որ Վրաստանի իշխանությունները եւս ներգրավվեն այս գործընթացում ու գաղափարը իրոք ծառայեցվի երկու ժողովուրդների կարիքներին։ Սա նաեւ առաջին համագործակցության հրավերն է Վրաստանի իշխանություններին հայկական սփյուռքի կողմից, որը կարող է դառնալ ավելի գործնական, ծրագրավորված եւ տեւական, հիմնված փոխշահավետ պայմանների վրա։

Դրանից բացի, դրամահավաքի հիմնական նպատակներից է հենց երիտասարդների խրախուսումը Ջավախքում, ովքեր հիմքն են այս տարածաշրջանի եւ պետք է շրջանում մնան ու թույլ չտան, որ այն թուրքացվի։ Իհարկե Մարզամշակութային կենտրոնով արտագաղթի հարցերը չեն լուծվի, սակայն հնարավորություն կստեղծվեն գոնե ինչ-որ չափով երիտասարդների մարզական եւ մտավոր ներուժի զարգացմանը եւ կենտրոնացմանը ազգային հողի վրա ի նպաստ մեր ժողովուրդների։ Դա իր հերթին կնպաստի թուրքական աշխուժության բալանսավորմանը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում։

Դրանով հնարավոր կլինի տեսնել նաեւ, թե ինչ ներուժ կա եւ ինչ ձեւի աշխատանք կարելի է իրականացնել ապագայում Ջավախքի մեջ սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու համար, որոնք կլինեն հակակշիռ թուրքական պանթուրքիստական ֆինանսատնտեսական ծրագրերին։

Այս ամենի հետ մեկտեղ թելեթոն-դրամահավաքը եւս լավ առիթ է աշխարհասփյուռ հայության ուշադրությունը մեկ անգամ եւս կենտրոնացնել Ջավախքի խնդիրների վրա։ Այն իր մեջ անկասկած կրելու է մեծ քարոզչական բնույթ, ինչը ավելի ուշադիր է դարձնելու համայն հայությանը այս տարածաշրջանի խնդիրների նկատմամբ։

Մնում է մեկ անգամ եւս ողջունել դրամահավաքի կազմակերպիչներին եւ անել հնարավորինս թելեթոնի կայացման համար։ Դրանից միայն ու միայն շահելու է Ջավախքի ժողովուրդը ու այդ իսկ պատճառով մեզանից յուրաքանչյուրը, անկախ իր ազգային, կրոնական, քաղաքական ու կուսակցական պատկանելությունից, իր լուման պետք է ներդնի Ջավախքի համար կազմակերպվող անդրանիկ թելեթոն-դրամահավաքի կայացման համար։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Էդուարդ Այվազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031