Գյուղատնտեսությունը Հայաստանի կառավարության համար առանձնահատուկ ոլորտ է, այն ՀՆԱ-ի մասնաբաժնում 30 տոկոս է կազմում եւ ապագայում էլ գյուղատնտեսությունը առաջնահերթություն է մնալու: Այսօր Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի կազմակերպած «Ֆերմերների կոնգրեսում» ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին: Նա ասաց, որ երեկ էլ 11,7 միլիոն եվրոյի գումար է հատկացվել՝ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման, մասնավորապես՝ տեխնիկական աջակցության, ենթակառուցվածքների եւ ենթակառույցների վերականգնման համար:
ԵՄ պատվիրակության պաշտոնյայի խոսքով ոռոգվող գյուղատնտեսության համար էլ վարկեր կտրամադրվեն:
Գյուղատնտեսության նախկին նախարար Գառնիկ Պետրոսյանը միջոցառման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում հողատարածքների 40 տոկոսը չեն մշակվում: Ասաց նաեւ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը պապենական մեթոդներով է ընթանում, ինչի հետեւանքով էլ արտադրողականությունը ցածր է. «Գյուղացիական արտադրանքի ինքնարժեքը ցածր է եւ շատ ժամանակ ապրանքը չի ունենում արտահանման պահանջարկ եւ ունենում ենք լուրջ խնդիրներ»:
Պարոն Պետրոսյանի խոսքով, այն տեխնոլոգիաները, որոնք այսօր կիրառվում են առաջատար ճյուղերում՝ խաղողագործության եւ պտղագործության, ապրել են իրենց ժամանակաշրջանը եւ այսօր նոր մոտեցումներ են պահանջում:
Կարդացեք նաև
«Ֆերմերների կոնգրեսին» ներկա էին նաեւ տարբեր մարզերի գյուղատնտեսներ, մարզպետարանների պատասխանատուներ:
Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Գագիկ Խաչատրյանը հետաքրքրվեց՝ բրուցելյոզով, տուբերկուլոզով հիվանդ կենդանիների նկատմամբ ի՞նչ են առաջիկայում նախատեսում: Մարզային պատասխանատուի խոսքով, հիվանդ կենդանիների միսն առանց ջերմային մշակման շուկա է դուրս գալիս:
Գագիկ Խաչատրյանի մտահոգությունները՝ տեսանյութում
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը արձագանքեց. «Նախարարությունը, ձեր նշած հիվանդությունների վերաբերյալ իրականացնում է պատվաստման եւ ախտորոշման ծրագրեր: Ինչ վերաբերում է, արդեն իսկ հայտնաբերված կենդանիներին,այդ հարցն, ավելի շատ գտնվում է Սննդի անվտանգության պետական ծառայության տիրույթում եւ նրանք հանդիսանում են, որպես լիազոր մարմին»:
Պարոն Գաբրիելյանի խոսքով, առաջիկայում գործողության մեջ կմտնի սպանդանոցների ծրագիրը, որը այդ հարցը լիովին կլուծի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ