Նաիրա Զոհրաբյանի կողմից «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հասցեին արված անձնական վիրավորանք պարունակող հրապարակային մեկնաբանությունը համարում եմ ոչ կոռեկտ քաղաքական գործչի համար:
Հուսամ՝ տիկին Զոհրաբյանը կընդունի իր սխալը, և մեր հարաբերությունները դրանից չեն տուժի. արցախցի խորհրդարանական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության քարտուղար Ռոմելա Դադայանը՝ նշելով, որ չի կարծում, թե տիկին Զոհրաբյանը արտահայտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարծիքը:
«Ընդհանրապես, անթույլատրելի եմ համարում քաղաքական գործչի նման պահվածքը: Անկախ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից՝ մենք երբեք մեզ թույլ չենք տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ նրա առաջնորդի մասին որևէ բացասական կարծիք ասել՝ համարելով, որ դա կդիտվի անհարկի միջամտություն: Հակառակը, մենք միայն բարձր ենք գնահատել այդ կուսակցության և անձամբ Նաիրա Զոհրաբյանի ջանքերը՝ ուղղված արցախյան հիմնախնդրի հանդեպ ունեցած սրտացավ վերաբերմունքին և այն տարբեր միջազգային հարթակներում բարձրացնելուն: Մենք իրավունք չունենք կամուրջներ վառելու, այլապես շատ դժվար կլինի դրանք վերականգնելը: Հուսամ՝ տիկին Զոհրաբյանը կընդունի իր սխալը, և մեր հարաբերությունները դրանից չեն տուժի: Հակառակ դեպքում՝ մեր համբերությունն էլ սահմաններ ունի»,- ասել է Ռ. Դադայանը: