Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Տեր-Մաթեւոսյան. «Թուրքիան հասկանալու համար Քեմալիզմը հասկանալն էական է»

Մայիս 31,2019 18:19

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում մայիսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ ամբիոնի վարիչ, դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանի «Թուրքիան, քեմալիզմը և Խորհրդային Միությունը» մենագրության շնորհանդեսը: Հեղինակը քննարկումը ներկայացրեց երկու հատվածով։ Սկզբում ներկայացրեց գրքի ստեղծման ընթացքն ու նպատակը, իսկ արդեն մյուս հատվածում անդրադարձավ աշխատության բովանադակությանը` հիմնական կառուցվածքային առանձնահատկություններին։

Իր խոսքում Տեր֊Մաթևոսյանը նշեց, որ գիրքը հրատարակելու համար փորձել է համագործակցության եզրեր փնտրել մի շարք հանրաճանաչ համալսարանների հետ (Օքսfորդ,Քեմբրիջ,Հարվարդ), սակայն ինչ֊ինչ պատճառներով համագործակցությունը ձախողվել է և գիրքը չի տպագրվել։ «Վերջապես, այս տարի երկար դեգերումներից հետո, գիրքը տպագրվեց Լոնդոնում, հռչակավոր Փալգրեյվ Մաքմիլան հրատարակության կողմից »,-ասաց նա։

Հեղինակն անդրադարձավ քեմալիզմի ծագմանը, տարածմանը և ներկայացրեց երկու հստակ ուղղությունները, որոնցով իրականացրել էր հետազոտություններ. գաղափարախոսությունը և սկզբունքների համակարգը:

Վահրամ Տեր-Մաթևոսյանին դեռ քեմալիզմը ուսումնասիրելիս էլ հետաքրքրել է, թե այս իրադարձությունների ժամանակ ուր է եղել Խորհրդային Ռուսաստանը, ինչ դիրքորոշում է ունեցել. «Ուսումնասիրելով բազմաթիվ գրքեր, որոնք անդրադարձել են քեմալիզմին և թուրքական բռնատիրությանը, ինձ միայն մեկ հարց էր հետաքրքրում`ուր է Խորհրդային միությունը։ Այս հարցադրումը ինձ մղեց այնտեղ, թե ինչպես կբացատրվի ԽՍՀՄ֊ի բացակայությունը»:

Գիրքը բաղկացած է 8 գլուխներից, սակայն հեղինակը առանձնակի շեշտադրմամբ ներկայացրեց 6-րդ գլուխը, որը իր բովանդակության մեջ ամփոփում է «թե ինչու՞ է պետք ընդլայնել քեմալիզմի ճանաչողականությունը» հիմնական գաղափարը: Հեղինակը կարծում է, որ Թուրքիան հասկանալու համար Քեմալիզմը հասկանալը շատ էական է:

Մենագրությունը անդրադարձել է նաև մասնավոր թեմաների, այդ թվում՝ Ստալինի վերաբերմունքը քեմալիզմին, այդ երևույթի դրսևորմանը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում: «Ցույց տալ, թե 20-70-ական թվականներին քեմալիզմը ինչպիսի զարգացման փուլերով է անցել և տարբեր փուլերը ինչպես են ազդել նրա մեկնաբանությունների վրա, քանի որ այս թվականներին քեմալիզմը նաև ընկել է օսմանյան գաղափարախոսության հոսանքների ազդեցության տակ»,-եզրափակեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Արուս ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031