Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոլցո» գործողությունն ու դրանից չքաղված դասը

Մայիս 31,2019 18:30

«Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում պարտադիր հաշվի առնել, որ «Կոլցո» օպերացիայի արդյունքում Ադրբեջանի կողմից մինչ օրս օկուպացված է Շահումյանի շրջանը»,- այս կարծիքին են «Կոլցո» օպերացիա ռազմական ահաբեկչությունը ցեղասպանական քաղաքականության գործիք» գիտաժողովի մասնակիցները: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին Արցախյան հակամարտության լուծման և խաղաղության հաստատման արդիական մոտեցումներ:

Գիտաժողովը կազմակերպել էին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը, «Խաչմերուկ», «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ-ներն ու «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեն։ Գիտաժողովի մասնակիցներն այլ «առաջադրանք» էլ են ներկայացնում գործող իշխանությանը. «Մշտապես համապատասխան աշխատանք տանել միջազգային կազմակերպությունների հետ 1987-1992 թվականներին Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքում հայ բնակչության նկատմամբ կատարված ջարդերին և բռնի տեղահանություններին քաղաքական և իրավական գնահատական տալու համար:

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում պարտադիր հաշվի առնել նաև 1987-1992 թվականներին Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքում բռնի տեղահանված հայ քաղաքացիների իրավական և նյութական շահերը, փոխհատուցում պահանջելով Ադրբեջանի իշխանություններից:

Մշտապես հնչեցնել հայերի կողմից Հայրենիքի կորուստը`պատրիցիդը, և Ադրբեջանի տարածքում, հատկապես Նախիջևանում, կատարված էտնոցիդը՝ մշակութային հզոր շերտի ոչնչացումը»:

Հիշեցնենք, «Կոլցո» գործողությունը տեղի է ունեցել 1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Ըստ տարբեր գնահատականների, այդ գործողությամբ Արցախում ծավալված բռնությունների ալիքը հասավ իր գագաթնակետին, քանի որ հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ, փաստորեն, բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի և Գետաշենի հայ բնակչության դեմ։ Դաժան մարտերից հետո, նրանք գրավեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։

«Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 28 տարի առաջ տեղի ունեցած այդ տխրահռչակ գործողությունը որակում է խորհրդային իշխանության կողմից հայերին ուղղված պատժիչ գործողություն. «Այն ժամանակվա իշխանությունները չկարողացան ներազդել կենտրոնական իշխանությունների վրա, այդ պատճառով էլ հայ ժողովրդի նկատմամբ այդ դաժան գործողությունն իրականացվեց: Ինչ-որ պայմանավորվածությունների մեջ մտան, թե ի՞նչ եղավ, մենք այդպես էլ չհասկացանք: Հետեւանքները եղան այն, որ մենք այդ տարածքները կորցրեցինք: Հիմա, երբ Արցախի հարցի բանակցային գործընթացը շատ բարդ իրավիճակում է, ես ցանկանում եմ, որ եվս մի այդպիսի գործարք, պայմանավորվածություն չլինի»:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի գնահատմամբ, այդ գործողությունը ցեղասպան համակարգի փորձն էր` հայության ոչնչացման ընթացքը Սումգայիթից տեղափոխել Արցախի տարածք: Այսօրվա գիտաժողովի նպատակն էլ`հասցնել պետությանն ու հանրությանը, որ կատարվածը ցեղասպանություն էր ու մինչ օրս մեր պետությունը պատշաճ գնահատական չի տվել այդ իրադարձություններին. «Մեր խնդիրն է այսօրվա ղեկավարությանը հասցնել`այն ինչ կատարվել է Ադրբեջանի տարածքում, եղել է ցեղասպանություն եւ, որ «մադրիդյան» փաթեթը ցեղասպանությունը շարունակող փաթեթ է»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ համամիտ է`«Կոլցո» գործողությունը հայերի նկատմամբ ադրբեջանական ցեղասպանության շարունակությունն է`ԽՍՀՄ իշխանության հովանավորությամբ. «Ռազմավարական առումով այս տարածքում հայության ներկայությունը մշտապես տագնապ է առաջացրել ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական հանրության շրջանում։ Համոզված եմ, որ սա այս քաղաքականության վերջին ակորդը չէ, և մեզ լրջորեն խորհելու և համապատասխան հետևություններ անելու հրամայական պահանջ է ներկայացնում: Այս տարածքը միշտ ցեղասպանության «օջախ» է եղել 1905-07, 1915-20 եւ ԽՍՀՄ կազմալուծման ժամանակ դա շարունակվեց ԽՍՀՄ ղեկավարության անմիջական ղեկավարությամբ: Այս խնդիրը մեր քաղաքական բանակցությունների օրակարգում իսպառ բացակայում է: Իսպառ բացակայում է նաեւ պատերազմի հրահրման պատճառը: Մինչեւ հիմա պարզ չէ, թե «Օղակ» օպերացիայի պատճառով այդ տարածքից դուրս մղված բնակչությունը փախստակա՞ն է, համարվում, չի՞ համարվում, նրանց նկատմամբ ունե՞նք պարտավորություններ, իբրեւ փախստականներ, չունե՞նք… Մինչդեռ նրանց գոյության պայմաններն աղետալի են»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը եվս գտնում է, «Կոլցո» գործողությունը ներկա քաղաքական օրակարգի ու բանակցային գործընթացների վրա ազդելու հիմնավորված միջոց է. «Երբ խոսում են միջազգային խաղաղապահների տեղակայման մասին, մենք բավական զգույշ պետք է լինենք, քանի որ նույն սովետական բանակն ու ոստիկանությունը, որոնք խաղաղապահ առաքելություն էին իրականացնում եւ իրենց պատկերացումներով, փորձում էին բախումների ժամանակ դեր խաղալ, դա դարձավ շատ բացասական: Եվ եթե այսօր խաղաղապահների տեղակայման որեւէ տարբերակ է քննարկվում, չենք կարող անտեսել այդ օրինակը, երբ խաղաղապահներն ուղղակի պատուհաս դարձան եւ պատժիչ գործողություններ իրականացրեցին ժողովրդի դեմ»: Ըստ նրա, այդ օրինակը բացասական ստվեր է նետում խաղաղապահի դիմագծի վրա:

«Կոլցո» գործողությունից մեր հիմնական հետեւությունն, ըստ քաղաքագետի պետք է լինի հետեւյալը. «Ապավինել սեփական զինված ուժերին, հակամարտությանը տալ համապարփակ ու վերջնական լուծում և այլևս այն չդնել որևէ խաղաղապահի կամ օտար ուժի ենթակայության տակ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031