«Ի վերջո, Կապսի ջրամբարը կառուցվելո՞ւ է, թե՝ ոչ: Թուրքիան Ղարսաչայի վրա ջրամբար է կառուցել, Ախուրյանի ջրամբարի ջրերը Թուրքիայի հետ կիսովի օգտագործում ենք անտեղի, եւ Կապսի ջրամբարը կլինի այն լուծումը, որը մենք ավելի արդյունավետ կկառավարենք մեր ջրային ռեսուրսները, կապահովենք նաեւ ոռոգումով կապահովենք Անիի տարածաշրջանի շատ սահմանամերձ բնակավայրեր»,- այսպիսի մտահոգություն հայտնեց գյուղատնտես Կարեն Գրիգորյանը: Նա այսօր մասնակցում էր Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի կազմակերպած «Ֆերմերների կոնգրեսին»:
Aravot.am-ի հետ զրույցում գյուղատնտեսն ասաց, որ զբաղվում է անջրդի տարածքներում հողագործությամբ ու անասնապահությամբ: Նրա խոսքով,եթե ոռոգման ջրի հարցը լուծվի այդ տարածքներում արտադրողականությունը մի քանի անգամ կբարձրանա:
Գյուղատնտեսության նախկին նախարար Գառնիկ Պետրոսյանը, որը նույնպես մասնակցում էր կոնգրեսին, արձագանքելով գյուղատնտեսի մտահոգությանն՝ ասաց, որ հարցի հասցեատերը Ջրային տնտեսության պետական կոմիտեն է, բայց պատասխանեց. «Երկրում առաջնահերթ կարեւոր խնդիրներից մեկն է ջրամբարաշինությունը: Վեդու ջրամբարների շինարարությունն ընթացքի մեջ է, եւ նաեւ քննարկումների փուլում է Կապսի եւ նաեւ այլ ջրամբարների կառուցման հարցը: Սա, շատ կարեւոր հարց է մեր երկրի համար: Որովհետեւ մեր երկրի վրա գոյացող 8 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրսներից մենք առավելագույնը խմելու, կենցաղային նպատակների համար 2 միլիարդն ենք օգտագործում, հսկայական ջրային ռեսուրսներ կորցնում ենք»:
Կարդացեք նաև
Գառնիկ Պետրոսյանի խոսքով, դրա պահպանման, օգտագործման միակ ճանապարհը՝ ջրամբարաշինությունն է:
Տավուշի մարզից Ֆերմեր Ռաֆիկ Օհանյանն ասաց, որ իրենց մարզը ամենաբերքառատ հողատարածք ունեցող տարածքներից է եւ ինտենսիվ այգիներ հիմնելու ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել, սակայն ոռոգման համակարգի մաշվածությունն ու Դեբետ գետի աղտոտվածությունը մեծ վտանգի տակ են դնում այդ այգիների զարգացումը: Գյուղատնտեսի խոսքով, Նոյեմբերյանի այգիների քանակը գնալով պակասում է:
Ի պատասխան՝ Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ Դեբետ գետի ջրի որակից նախարարությունն էլ է շատ ահազանգեր ստացել. «Առանձին դեպքերում հատկապես՝ դեղձենու այգիների զանգվածային չորացման պատճառ էր դիտարկվում Դեբետ գետի աղտոտվածությունը: Չեմ բացառում այդ հնարավորությունը, բայց մեր մասնագետների դիտարկումները ցույց տվեցին, որ իրականում հիվանդությունների եւ վնասատուների դեմ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվում: Առաջին հիմնական պատճառը դա է, որովհետեւ, երբ լաբորատոր փորձաքննության ենթարկվեցին փորձված նմուշները, լավագույն մասնագետների համատեղ քննարկումների արդյունքում այդ եզրահանգումներն արվեց»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ