Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքում, որը Արագածի հարավային փեշերին է գտնվում, նշվեց գյուղի հիմնադրման 100-ամյակը։ Լեռնարոտի նախկին անվանումները եղել են Մագդա և Մաղդա. վերջինս մինչ օրս գործածվում է։ Լեռնարոտի բնակիչների նախնիները գաղթել են Մուշից և Սասունի Գելեգուզան, Հեթինք և այլ գյուղերից։ «100 տարի առաջ այս օրը մեր պապերը եկան այս գյուղ, ինչպե՞ս կարող էինք մեկդարյա տոնը չնշել»,-ասաց գյուղի բնակիչ Արայիկ Հովսեփյանը։
Գյուղամիջում մեծ տոնախմբություն էր կազմակերպված, հավաքվել էին մեծից փոքր և պարում էին ազգագրական պարեր։ Համայնքապետ Խաչիկ Մելքոնյանը հրավիրել էր երգիչ-երգչուհիների։ Միջոցառման ավարտին անգամ հրավառություն եղավ:
Հավելենք, որ գյուղից հարավ գտնվում է Խուչեր գյուղատեղին` համանուն ամրոցով (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), 3 կմ հյուսիս՝ Դիտվանը, իսկ 1 կմ հյուսիս՝ Աղրիկ գյուղատեղին (14-17-րդ դդ.)։ Հայտնի են նաեւ տեղի միջնադարյան քարայր-կացարանները՝ Բադոյի քարանձավը և Սյունով քարափը։
Իզաբելլա ՀՈՎՍԵՓՅԱՆ