Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում բացահայտված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Մայիս 31,2019 17:55
dataxazutyun

Ավարտվել է «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ «Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրեն Ն. Ա.-ն նույն կազմակերպությունում տարբեր տարիներին հսկիչի, տեխնիկական աշխատողի, ֆոնդապահի հաստիքներին աշխատանքի է ընդունել իր մորը և ևս 5 անձանց, որոնք 2012-2018թթ. ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Տեղյակ լինելով այդ մասին՝ թանգարանի տնօրենը յուրաքանչյուր ամիս կազմել է բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել բացակայության ժամանակահատվածներում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի իբր աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը նա վճարման է ներկայացրել Լոռու մարզպետարան, որի արդյունքում վերոհիշյալ անձանց անվամբ, փաստացի բացակայած ժամանակահատվածների համար, որպես աշխատավարձ և պարգևավճար անհիմն դուրս են գրվել աշխատավարձի՝ ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 7.789.741 ՀՀ դրամ գումարներ, որոնք Ն. Ա.-ի կողմից շարունակաբար հափշտակվել են վատնման և յուրացման եղանակով:

Բացի այդ, ՊՈԱԿ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ. հոկտեմբերից 2018թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում թանգարանի 3 աշխատակիցներին մոլորության մեջ գցելով հայտնել է՝ իբր աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերը ձևակերպելու, թանգարանի ընթացիկ տնտեսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է վճարել գումար և սահմանված կարգի համաձայն վերջիններս պետք է տրամադրեն իրենց առաջին երկու ամիսների աշխատավարձերի գումարները: Ապա նրանցից նշված ժամանակահատվածում 4 անգամ իր աշխատասենյակում ստացել և խարդախությամբ հափշտակել է զգալի չափերով՝ 340.000 ՀՀ դրամ գումարը:

Նշված արարքները կատարելու համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Մինչդատական վարույթի ընթացքում տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պետական կազմակերպությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնասը:

2019 թվականի մայիսի 31-ին վերը հիշատակված քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից ստացվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործի հետ միասն ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031