Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները․ մանրամասներ

Մայիս 31,2019 17:32

Այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով նրա տեղակալի կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու ու դրան օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի երկու աշխատակիցներ։ Նրանից մեկը՝ 1985 թվականին ծնված Մանուկ Առաքելյանը, Գյումրու քաղաքապետարանում աշխատում է 2013 թվականից, սկզբում՝ առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնում որպես գլխավոր մասնագետ, իսկ այս տարվա մարտ ամսից նշանակվել էր Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ։ Ինչպես տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայքից, վերջինս ամուսնացած է և ունի երեք երեխա ։

Սլավիկ Ղազարյանը քաղաքապետարանի հին աշխատակիցներից է, նա զբաղեցնում էր շինարարության և հողի վերահսկողության բաժին պետի պաշտոնը, սակայն մի քանի տարի առաջ ընկավ տhաճ պատմության մեջ, ապօրինի շինության հետ կապված նրան գաղտնի ձայնագրել էին ու հրապարակայնացրել, որտեղ նա քննադատություններ ու հայհոյանքներ էր հնչեցրել թե՛ ոստիկանության, և թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին։

Այս միջադեպից հետո Սլավիկ Ղազարյանը որոշ ժամանակ ստիպված եղավ լքել Հայաստանը։

Բանն այն է, որ նրանից հաշիվ էին պահանջել ինչպես Գյումրու նախկին քաղաքապետը, այնպես էլ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նշենք, որ Սլավիկ Ղազարյանը նախկին ոստիկան էր, հետևաբար և Վլադիմիր Գասպարյանը խիստ բարկացել էր նախկին կոլեգաների հասցեին նրա թույլ տված արտահայտություններից։ Վլադիմիր Գասպարյանն անգամ հասավ Գյումրի՝ նրանից բացատրություն պահանջելու։

ՌԴ-ից վերադառնալուց հետո, Սլավիկ Ղազարյանը շարունակեց աշխատել Գյումրու քաղաքապետարանում՝ զբաղեցնելով անշարժ գույքի կառավարման բաժնում առաջատար մասնագետի պաշտոնը։ Հավելենք, որ Սլավիկ Ղազարյանի եղբայրը ճանաչված պաշտոնյա էր․ ՀՀ քրեակատարողական հիմնարկների գլխավոր բժիշկ Սամվել Ղազարյանն է, առավել հայտնի «Ցեբեի Սամվել» անունով։

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանը կասկածվում է այս տարվա մարտի 24-ին Սլավիկ Ղազարյանի օժանդակությամբ 97 հազար 172 ՀՀ դրամին համարժեք 200 դոլար կաշառք ստանալու մեջ։ Ըստ դատախազության, նրանք Գյումրի քաղաքի շենքերից մեկի բնակարանում ապօրինի շինարարություն են բացահայտել, որը սակայն չեն արձանագրել որպես իրավախախտում՝ սեփականատիրոջից պահանջելով ու ստանալով 97 հազար 172 ՀՀ դրամին համարժեք 200 դոլար կաշառք։

Ինչպես նշված է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ․ «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բաժնի պետ Մ. Ա.-ն, ով ի պաշտոնե օժտված է օրենքով սահմանված դեպքում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերահսկելու աշխատանքները վերահսկելու, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելու լիազորություններով, Գյումրի քաղաքի շենքերից մեկի բնակարանում ապօրինի շինարարություն կատարելու հանգամանքը պարզելուց հետո, իրավախախտումը չարձանագրելու պատրվակով բնակարանի սեփականատիրոջից պահանջել ու Գյումրու համայնքապետարանի նույն բաժնի աշխատակից Ս. Ղ.-ի օժանդակությամբ 2019թ. մարտի 24-ին ստացել է զգալի չափերի կաշառք: Արդյունքում դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն՝ բաժնի պետը չի արձանագրել վերը նշված իրավախախտումը: Նշված դեպքի առթիվ 2019թ. մայիսի 31-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նույն օրը Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ձերբակալվել է Մ. Ա.-ն, իսկ 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նաև Ս. Ղ.-ն»։

Գյումրու քաղաքապետարանի այս պահին հրաժարվեցին պարզաբանում տալ՝ նշելով, թե իրենց համար ևս պարզ չէ, ինչ է կատարվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031