«Դատախազությունից պետք է սկսել վեթինգը՝ գլխավոր դատախազից, մարզերի դատախազներից»,- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում «Դատախազների վեթինգ. պահանջ. փաստեր և հիմնավորումներ» թեմայի շուրջ ասուլիսին հայտարարեց Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ դատախազությունն ինքնին նույն մարմինն է մնացել իր ենթակառույցներով, մարտավարությամբ, և այս իրավական համակարգում որևէ բան փոխվել չի կարող. «Նույն դատախազության ցուցումներով աշխատում է ՀՔԾ-ն, ՔԿ-ն. թվացյալ է, թե անկախ մարմիններ են»:
Ռուզան Ադանալյանն ասաց, որ իր որդու՝ Արտյոմ Ադանալյանի գործի բերմամբ առնչվել է դատաբժիշկների, որոնք կեղծ եզրակացություն են կայացրել. «Կան մարդիկ, որոնք կեղծ դատաբժշկական եզրակացություն են կատարել: Հատկանշական է փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի հետ կապված հաղորդումս, որը վերաբերում է երկու փորձագիտական եզրակացությունների՝ կեղծ տրամադրված լինելուն: Դրանք վերաբերում էին նրան, որ որդուս սրտի և թոքի շրջանում վնասվածքների վերաբերյալ կեղծ եզրակացություն է տրվել, իսկ մարդասպանի վերաբերյալ էլի կեղծ եզրակացություն, թե իբր նա ունի սրտի հիվանդություն»:
Ռուզաննա Ադանալյանը պատմեց, որ դատաբժշկական՝ դատարանի կողմից բավարարված որոշումը հետ է գնացել Մալաթիայի դատախազություն և այստեղ գործը փակուղի է մտել. «Այս մարդիկ չեն ուզում լրջանալ: Հասկանալի է, որ որդուս սպանության գործը ամբողջ ծավալով դատախազության ձեռքի աշխատանքն է, և առանց իրենց ներքաշվածության այս ամբողջ պատմությունն ինքն իրենով մի քննիչի ձեռքով առաջանալ չի կարող, այստեղ ծանրակշիռ դեր ունի ՀՀ դատախազը»:
Կարդացեք նաև
Փաստաբանների պալատի փաստաբան Հակոբ Ճարոյանն ասաց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նախորդ իշխանության օրոք դատախազի՝ կաշառք վերցնելու վերաբերյալ, սակայն ոչինչ տեղից չի շարժվել նույնն էլ հիմա. «Սա տեղապտույտ է: Քանի դեռ վարչապետը տվյալ անձի հետ շահագրգռվածություն չունի, ապա ընթացք չի տրվի: Իսկ դատավորների հետ կապված վեթինգը կարելի է տարածել նաև դատախազության և ԱԱԾ-ի վրա»:
Ըստ Հակոբ Ճարոյանի՝ ներկայումս դատավորներին վերահսկելու մեխանիզմներ ու գործիքակազմ կա, իսկ մենք բերում ենք մի բան, որը բերելու է ակնհայտ բացասական հետևանքների:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ