Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ջիլիզան 1000 հոգս ունի, 11-րդ դասարանում էլ 1 աշակերտ է սովորում

Մայիս 31,2019 17:07
jiliza

Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղի դպրոցի տնօրեն Տաթեւիկ Ծատինյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դպրոցն արդեն քանի տարի է՝ շրջանավարտ չի ունենում: Այժմ էլ դպրոցում ընդամենը 17 աշակերտ է սովորում:

Ունեն առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ 10-11-րդ դասարանների աշակերտներ: 10-րդ դասարանում 2 աշակերտ է սովորում, 11-րդ դասարանում ընդամենը՝ 1-ը: Մեզ հետ զրուցած աշակերտները բոլոր երեխաների նման երազում էին բժիշկ, փաստաբան, մանկավարժ դառնալ, նաեւ շատ էին ուզում, որ իրենց դասարաններում շատ աշակերտներ լինեն:

«Դպրոցում աշխատում են տնօրենը, փոխտնօրենը եւ 6 մանկավարժ, դասարաններն էլ երկկոմպլեկտ են»,- նշեց տնօրենը: Հավելեց, որ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խաչումյանը պատրաստակամություն է հայտնել էքսկուրսիա կազմակերպել Ջիլիզայի դպրոցի երեխաների համար դեպի Հաղպատ եւ Սանահին:

Տաթեւիկ Ծատինյան

Տաթեւիկ Ծատինյանը կարեւորեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով գյուղի դպրոց եկած ուսուցչի` Նատալի Հարությունյանի մուտքը, ասաց, որ երկար տարիներ չունեին ռուսերենի եւ անգլերենի ուսուցիչ: Սակայն նա ընդամենը երկու տարով էր աշխատելու գյուղում եւ այժմ վերադառնում է: Ի դեպ, երիտասարդ աղջիկը ոչ միայն լեզուներ է դասավանդել, անգամ պար է սովորեցրել գյուղի դպրոցի երեխաներին:

Տնօրենից տեղեկացանք, որ չունեն մի շարք առարկաների ուսուցիչներ` մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռուսաց լեզվի ու անգլերենի, ինֆորմատիկայի ու կենսաբանության:

Պարզեցինք, որ վերջին տարիներին Ջիլիզայի դպրոցից բուհ ընդունվածներ էլ չկան:

Սուսաննա Ծատինյան

Հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սուսաննա Ծատինյանը շնորհակալ է, որ իրենց` փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղում միջնակարգ դպրոց է գործում: «Դժվար է ապրել մեր գյուղում, որտեղ յուրաքանչյուրս զինվորական ու սահմանապահ ենք: Սիրում ենք մեր հողը եւ պահում ենք այն, բոլոր դժվարությունները մերն են»,-ասաց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին: Նա չի հիշում, թե վերջին հարսանիքը երբ է եղել գյուղում, բայց փաստում է, որ երեխաների ծնունդներ կան:

«Վերջապես ունենք առաջին դասարանցիներ, նրանք 3-ն են, ինչը մեզ համար ուրախացնող է»,-ասաց նա: Հավելեց, որ լավատեսորեն են տրամադրված. «Հուսանք՝ մեր դպրոցի զանգը միշտ կհնչի, որովհետեւ եթե գյուղում դպրոցի զանգ է հնչում ու երեխայի ճիչ է լսվում, ուրեմն գյուղը գոյություն ունի»:

Սուսաննա Ծատինյանը խոսեց նաեւ իրենց գյուղում գտնվող մշակութային հուշարձաններից, ասաց, որ պատրաստվում են վերանորոգել գյուղի եկեղեցին. «Մեր պատմական հուշարձանները վերագրված են 9-12-րդ դարերի»: Տիկին Սուսաննան գոհ է գյուղի հանդեպ ուշադրությունից, բայց շեշտում է` գյուղն առաջին հերթին կարիք ունի ամուր սատարման, որպեսզի մարդիկ կառչած մնան հողին:

Գյուղացիներից մեկը նեղսրտեց, որ սահմանապահ գյուղ են, ու ենթադրվում էր, որ դրա համար ավելի մեծ ուշադրության եւ հոգածության կարժանանային, սակայն չեն զգում իրենց` սահմանամերձ լինելու առավելությունը:

«Մեր գյուղը մեկուսացած է աշխարհից, անգամ բուժկետ չունենք, հնարավոր չէ այստեղ ոչ մի արտադրություն սկսել կամ էկոտուրիզմ զարգացնել, իսկ ճանապարհներն ուղղակի ահավոր են»,-ասաց նա:

Ջիլիզա գյուղը սահմանամերձ է Վրաստանի հայկական գյուղերին, սակայն սահմանային անցակետ չկա, որպեսզի գյուղացիները կարողանան այցելել Ջիլիզային կպած վրացական հայաբնակ գյուղերում ապրող իրենց բարեկամներին: Եթե սահմանը բացվի, գյուղացիներն ընդամենը 2 կմ ճանապարհ կանցնեն, այժմ, սակայն, ստիպված են 100 կմ կտրել: Ջիլիզա մուտք գործելու համար պետք է անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, յուրաքանչյուր տեղաշարժ սահմանապահների հսկողության ներքո է կատարվում: Շուրջ 10 տարի առաջ փակված հայ-վրացական սահմանը բավականին դժվարացրել է ջիլիզացիների կյանքը: Նրանք ցանկանում են, որ գոնե հետիոտնի համար սահմանը բացվի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031