ԱԺ-ն այսօր քննարկում է «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագծով, հիշեցնենք, մեկ ու կես տարի անց արգելվում է բուքմեյքերական ընկերությունների գրասենյակների գործունեությունը: Իսկ խաղասրահներում ավտոմատացված խաղային սարքավորումներով վիճակախաղեր եւ շահումով խաղեր կարող են իրականացվել միայն Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Մեղրի համայնքների վարչական սահմաններում:
«Ներկայումս վիճակախաղերի իրականացումը կատարվում է ՀՀ ողջ տարածքում, այդ թվում՝ մարդաշատ վայրերում: Սա վիճակախաղերով հրապուրվելու վտանգ է ստեղծում»,-արձանագրեց նախագծի հեղինակներից Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020թ.-ի նոյեմբերից, բայց դա չի վերաբերում ավտոմատ-խաղային սարքավորումներին, որոնք տեղադրված են գազալցակայաններում: Դրանք հանվելու են օրենքի՝ ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Բաղրամյան պողոտայում օրերս բողոքի գործողություններ իրականացրած բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցներին. «Արձանագրենք, որ բողոքի առարկան հենց այդ խաղային սարքավորումներն էին: Շատ մոտավոր հաշվարկով՝ 700 աշխատակցի է առնչվում այս օրինագիծը, բայց ՀՀ-ում 63 000 մարդ խաղացող է: Պնդում եմ, որ ցույցի մասնակիցների մեծ մասին մոլորության մեջ են գցել: Կազմակերպիչը մի քանի հոգու շահ էր հետապնդում: Այդ օրվա ողջ միջոցառումը նվիրված է եղել նրան, որ գազալցակայանների սարքավորումները, որոնք միայն մեկ կազմակերպություն է տնօրինում, մնան: 2017թ. դրությամբ՝ այդ կազմակերպությունում աշխատում է 377 քաղաքացի: Խոստանում եմ հնարավորինս օգնել աշխատակիցներին՝ գտնել նոր աշխատանք: Կարող եք դիմել իմ գրասենյակ»:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այդ խաղային սարքավորումները զրո հարկ են վճարում. «Դրանց պատճառով ինքնասպանության դեպք է եղել, իսկ մի քաղաքացի մտել է լցակայան՝ սարքավորումը կոտրելու նպատակով: Իմ տվյալներով՝ կա մոտ հազար խաղային մեքենա՝ 1500 դոլար արժողությամբ: Մոտ երեք ամիս անց մեկ սարքավորման գինը «դուրս է գալիս»: Պատկերացնո՞ւմ եք վիճակը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ