Սահմանադրության՝ տեղական ինքնակառավարմանը վերաբերող 9-րդ գլխի 188-րդ հոդվածում կա վրիպում, որը անհրաժեշտ է ուղղել։
Առաջարկում եմ Կառավարությանը, ինչպես նաև Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ Սահմանադրության 202-րդ հոդվածում սահմանված կարգով հանդես գալ Սահմանադրության 188-րդ հոդվածը փոփոխելու նախաձեռնությամբ։
Առաջարկում եմ 188-րդ հոդվածի առաջին կետը շարադրել հետևյալ կերպ․
«Համայնքի սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն։»։
Կարդացեք նաև
Հիմնավորում
ՀՀ Սահմանադրության 188-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, մեջբերում եմ․
«Համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն։»։
ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, մեջբերում եմ․
«Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված։ Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են օրենքով, իսկ կամավոր խնդիրները՝ համայնքի ավագանու որոշումներով»։
Սահմանադրության համաձայն՝ համայնքը «սեփական խնդիր» չի կարող ունենալ, համայնքը կարող է ունենալ «սեփական լիազորություն»։
Ըստ Սահմանադրության 182-րդ հոդվածի, սեփական, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված կարող են լինել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, իսկ համայնքի խնդիրները՝ նույն հոդվածի համաձայն, լինում են պարտադիր և կամավոր։
Ակնհայտ է, որ «համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն» ասելով նկատի է առնվում տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը, այլապես կստացվի, որ Կառավարությունը իրավական հսկողություն է իրականացնում համայնքի նկատմամբ՝ որպես մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրություն, որը, բնականաբար, հնարավոր չէ։
Վերոգրյալը ապացուցում է նաև այն հանգամանքը, որ սույն հոդվածի երկրորդ մասը վերաբերում է պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ Կառավարության իրավական և մասնագիտական հսկողությանը, իսկ պետության կողմից լիազորությունները պատվիրակվում են տեղական ինքնակառավարման մարմիններին (Սահմ․ հոդված 182, կետ 2)։
Հետևաբար, Սահմանադրության 188-րդ հոդվածի առաջին կետում օգտագործված «սեփական խնդիրների» բառերը անհրաժեշտ է փոխարինել «սեփական լիազորությունների» բառերով։
Սահմանադրության այս հոդվածում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
Հայկ Արամյան
Քաղաքագետ, իրավագետ