Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ եւ դա ձեւավորվել է բազմաթիվ տարիներ առաջ, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում՝ փոքրաթիվ, մեծաթիվ, հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում: Մեզ հետ էին տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը: Եվ նորմալ է, որ մենք այդ տարիներից շարունակ, այդպիսի հանգամանքներում ծանոթանալով՝ կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձեւավորել»: Նա ասաց, որ Վահե Գրիգորյանի հետ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի առումով մեծ ընդհանրություններ ունեն. «Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս թեկնածությանը, անկեղծ ասեմ՝ չափազանց դրական: Թե ինչպիսին կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, ինչպիսին կլինի ընտրության արդյունքը՝ կերեւա առաջիկայում»:
Լրագրողները փոխանցեցին ընդդիմադիր պատգամավորների տեսակետը, որ հակաիրավական քայլեր են արվում, Միրզոյանը չհամաձայնեց, դրանք որակեց կամայական մեկնաբանություններ. «Իրավաբանների հետ հազար անգամ քննարկվել է այդ թեման»:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ ԱԺ-ն, բոյկոտելով մյուս թեկնածուներին, անուղղակի ճնշում է գործադրում՝ Միրզոյանը պատասխանեց. «ԱԺ-ն ՀՀ-ի բարձրագույն քաղաքական մարմինն է, կարող է կայացնել բոլոր այն քաղաքական որոշումները երկրի հետ կապված, որով լիազորված է Սահմանադրությամբ եւ իր ժողովրդի մանդատով»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, ձեզ քննադատում են, որ դուք այնտեղ ուզում եք քաղաքականացված մարդ տեսնել՝ Միրզոյանը պատասխանեց. «Նախորդ տարիներին մենք ականատես ենք եղել ՍԴ-ի կողմից զանազան հարցերով, պետության համար առանցքային հարցերով բավականին լղոզ ձեւակերպումների: Ըստ էության, այս տարիների ընթացքում այդ մարմինը չի կատարել իր առաքելությունը, որին կոչված էր, եւ ըստ էության ճգնաժամերի լուծումները, որի համար այդ մարմինն առհասարակ ձեւավորվել է: Ես հույս ունեմ, որ այժմյան գործընթացները կհանգեցնեն հակառակ պատկերի»:
Նա ասաց, որ Հրայր Թովմասյանի հետ չի խոսել իր հնարավոր հեռանալու մասին:
Վահե Գրիգորյանի հետ կապված խոսակցություններին վերջ դնելու համար Արարատ Միրզոյանը վերջում հայտարարեց. «Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը եւ գուցե հավանական հետագա ընտրությունը բոլորովին չի նշանակում գործող իշխանությունների կողմից այսպես ասած յուրայինի, թիմակցի գործուղում՝ ՍԴ: Վահե Գրիգորյանը, եթե ընտրվի, լինելու է անկախ ՍԴ դատավոր»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ