Կինոգործիչների միությունում մայիսի 30-ին կազմակերպվել է սցենարիստների միավորման անդամների հետ հանդիպում, որը նախաձեռնել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը: Նա ներկայացրել է ՀՀ կառավարության հանձնարարականը` բիզնես հմտությունների զարգացման, ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացման, հասարակության շրջանում գործարարությամբ զբաղվելու գրավչությունը բարձրացնելու վերաբերյալ: Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է Հայաստանում ժամանակակից հերոսի օրինակելի կերպարի ձևավորման խնդիրը, որը կարող է ուղենշային լինել պատանիների և երիտասարդների շրջանում արժեքների ձևավորման առումով: Լուսինե Առաքելյանը նշել է, որ պետությունը` ի դեմս Կրթության և գիտության նախարարության, առաջարկ է ներկայացնում կինոյի և հեռուստատեսության ստեղծագործողներին` իրենց նպաստը բերել ապագա քաղաքացու ձևավորման կարևոր գործընթացին:
Արձանագրելով, որ ներկայացվող առաջարկը ոգևորիչ է` հանդիպման մասնակիցները քննարկվել են թիրախային տարբեր խմբերի համար հեռուստասերիալների, կարճամետրաժ վավերագրական և խաղարկային, ինչպես նաև անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների ազդեցության նպատակահարմարության հարցը: Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը, ամփոփելով հանդիպման արդյունքները, ևս արձանագրել է, որ ներկայացվող առաջարկությունը ստեղծագործող միավորումների գործունեության համար նոր խթան կհանդիսանա: Նրա խոսքով` Կառավարության որդեգրած մասնակցային գործելակերպը ողջունելի է: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ստեղծագործողներն առաջիկայում կներկայացնեն սցենարային նախագծեր, որոնք կքննարկվեն և, լավագույնները կյանքի կկոչվեն:
ԿԳՆ