Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Բաղրամյան պողոտան փակելու են: Այդ օրը ԱԺ բակն ու Բաղրամյան պողոտան նվիրված է լինելու երեխաներին՝ որպես հանրային տարածք:
Ավանդաբար այդ օրը ԱԺ-ում բաց դռների օր էր կազմակերպվում՝ երեխաների համար, հիմա, քանի որ այսպես թե այնպես ԱԺ-ի դռները, այգին բաց են հասարակության համար, որոշվել է Բաղրամյան պողոտան փակել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա հրավիրեց ծնողներին՝ երեխաների հետ գալու՝ ասելով, որ վաղը իր դերը լինելու է հեքիաթ կարդալը: Հեքիաթի ընտրությունն իրենն է լինելու:
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ երեխա է եղել Մարիա Կարապետյանը, ի՞նչ հիշողություններ ունի մանկությունից: Նա պատասխանեց. «Ես եղել եմ շատ խելոք, կարգապահ, գերազանցիկ, գուցե մի քիչ չափից ավելի կարգապահ երեխա: Դա ավելի շատ իմ ընտրությունն է եղել, իմ բնույթից է եղել, քան թե շրջապատի: Ուսուցիչներս, ընտանիքս միշտ խրախուսել են, որ ես ավելի աշխույժ լինեմ»:
Մարիա Կարապետյանը տան փոքր երեխան է, չնայած ընդունված է, որ տան փոքր երեխաներին «երես» են տալիս, նրանք չարաճճի են լինում, Մարիա Կարապետյանի դեպքում չի հաջողվել նրան չարաճճիության մեջ բռնել, այսպես ասած «գծած, չափված-ձեւած» երեխա է եղել: Մենք հետաքրքրվեցինք՝ որեւէ հետաքրքիր դրվագ չե՞ք հիշի մանկության տարիներից, ի՞նչ խաղեր եք խաղացել դրսում, ի՞նչ միջադեպեր են եղել՝ պատգամավորը պատասխանեց. «Ինձ համար շատ հաճելի, բարի հիշողություններ են այն տարիները, երբ կերպարվեստի դպրոցում էի սովորում, Վանաձորում եմ մեծացել եւ կերպարվեստի դպրոցը գտնվում էր քաղաքի երկաթուղային այգու վերջում եւ ամեն անգամ հնարավորություն էի ունենում այդ այգով քայլել՝ հասնելու համար դպրոց եւ դպրոցից տուն վերադառնալ: Միշտ ձգում էր այդ ճանապարհը, քանի որ այգում քայլելը շատ հետաքրքիր էր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ