Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահը Վահե Գրիգորյանին առաջադրել է որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

Մայիս 31,2019 13:40

Առնվազն մեկ տարի է, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում:

Այդ պատասխանատու գործընթացը Հանրապետության նախագահն իրականացրել է հրապարակային ու ժողովրդավարական գործելաոճով՝ հավատարիմ մնալով իր սահմանադրական լիազորություններին, պահպանելով սահմանադրական նորմերը և ելնելով անաչառության և օբյեկտիվության սկզբունքներից: Հնարավոր թեկնածուների առաջարկներ և հավակնորդների վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով Հանրապետության նախագահը նախաձեռնել է օրենքին չհակասող մի շարք ընթացակարգեր, հանդիպել երկրի իրավական ոլորտի բազմաթիվ մասնագետների, իրավաբանական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ գիտական ու փաստաբանական շրջանակների հետ:

Մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ: ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը փաստորեն սահմանափակվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ընդամենը մի քանի անհատ իրավաբանների շրջանակով:

Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Հանրապետության նախագահը հույս ունի, որ, ընտրվելով ՍԴ դատավոր, Վահե Գրիգորյանն իր ավանդը կներդնի Սահմանադրական դատարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանադրական արդարադատության, օրենքով Բարձր դատարանի դատավորին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման գործում:

Հ. Գ. Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը:

Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031