«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահներն օրերս ՊԲ զորամասերից մեկում ուշագրավ դեպք են բացահայտել։ Մասնավորապես՝ ՊԲ զորամասերից մեկի սպան մարտական մեքենաների միջից դիզվառելիքը հանել, մեջը ջուր է լցրել։
2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո ՀՀ իրավապահները բանակում տիրող իրավիճակի մասով մի շարք բացահայտումներ արեցին։ Ավելին՝ դեռեւս 2017 թվականի մարտի 1-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով անցյալ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք։ Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»։
Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենից հետո Զինված ուժերի պաշտոնատար անձինք պետք է դաս քաղեին, առավել եւս՝թավշյա հեղափոխությունից հետո։ Բայց արի ու տես, որ այդպես չէ։ Օրերս ՀՀ իրավապահների բացահայտումը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ ՊԲ զորամասերից մեկի սպան՝ Արթուր Դ-ն, զորամասին պատկանող 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը եւ դրա փոխարեն ջուր լցրել։ Նպատակը, ինչպես հասկանում եք, եղել է բանակին տրամադրված բենզինը յուրացնելը։
Կարդացեք նաև
Իսկ հետաքրքիր է՝ ինչու է բենզինի փոխարեն մարտական մեքենայի բաքում ջուր լցրել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա այդ քայլին գնացել է, որպեսզի, եթե զորամասում ստուգումներ լինեն եւ ստուգեն, տեսնեն, որ մարտական մեքենաների բենզինի բաքը ամբողջությամբ լիքն է։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում