ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրած թեկնածու Դավիթ Հովհաննիսյանը հանձնաժողովի նախորդ տարիների աշխատանքը լավ է գնահատում: «Ինչո՞ւ, որովհետեւ այն մեծ աշխատանք է կատարել եւ շատ խնդիրներ կարգավորել՝ հակամրցակցային համաձայնության դրսեւորումներ, հակամրցակցային փաստեր: Հասկանում եմ, որ հանրության մոտ դժգոհություններ կան, բայց հանձնաժողովի աշխատանքը չգնահատել չեմ կարող»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց Դավիթ Հովհաննիսյանը, որը նախկինում եղել է ՏՄՊՊՀ անդամ:
Խորհրդարանն այսօր քննարկում է նոր թեկնածուների, այդ թվում՝ Դավիթ Հովհաննիսյանի ընտրության հարցը:
«Իմ որոշումներում եղել եմ անկախ եւ ազատ, քաղաքական ճնշումների խնդիր չի եղել: Դա գործընկերներիս էլ է վերաբերում: Վստահ եմ, որ հանձնաժողովն անկախ է եւ քաղաքական ճնշումների չի ենթարկվել»,-վստահեցրեց թեկնածուն:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ «Եթե ամեն ինչ այդքան լավ է, տնտեսական մրցակցության դաշտում ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ: Ինչո՞ւ բանանի, շաքարի, բենզինի շուկաներում հեղափոխությունից հետո միայն խաղացողների թիվը մի քանի անգամ ավելացավ: Դա ՏՄՊՊՀ գործառույթների ոչ լիարժեք իրականացման հետեւա՞նք էր, թե քաղաքական կամքի բացակայություն»: Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ քաղաքական կամքի բացակայությունն է եղել պատճառը: Սա իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ