ՀՀ կառավարությունը հատուկ տողով հատկացում (գոնե 124 միլիոն դրամ) չկատարեց Մայիսի 28-ի տոնակատարության համար։ Մինչդեռ Մայիս 28-ը մեր ամենակարեւոր պետական տոնն է, մեր մեծագույն հաղթանակը՝ լինելության ու հավերժումի դժվարին ճանապարհին։ Չասեմ, որ օրվա իշխանությունները չեն գիտակցում օրվա կարեւորությունը։ Ահավասիկ, սա վարչապետի խոսքն է այդ օրվա կապակցությամբ. «Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ Առաջին հանրապետության հիմնադրման օրը։ 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին հանրապետությունը։ Դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին։ Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծանրագույն մի աղետի՝ ցեղասպանության։ 1.5 մլն հայ սրի էր քաշվել, հարյուր հազարավորները դարձել էին փախստական, եւ հայ լինելն ինքնին վտանգավոր էր կյանքի համար։ Եվ թվում էր, թե ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի իր պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը եւ հրաժարվի ապագայի նկատմամբ ունեցած որեւէ հավակնությունից։ Բայց տեղի ունեցավ հակառակը, տեղի ունեցավ անսպասելին, եւ հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում է՝ կորցրել էր անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, ձեռք բերեց պետական օրհներգ…»։ Այսքանից հետո մի պարզ հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է ասվածից բխող եւ ասվածի տրամաբանական շարունակությունը կազմող, ողջ հայությանը միավորող պետական ու համաժողովրդական տոնախմբությունը։
Հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանն ընդհանուր գծերով նկարագրել է այն մթնոլորտը, որ պետք է տիրեր Հայաստանում մայիսի 28-ին։ Ըստ նրա՝ «մայիսի 28-ին պետք է թնդար Տոնը… Հայաստանի Հանրապետությունում ամենուր՝ գյուղերում եւ (քաղաքներում պետք է հորդար ուրախությունը, ամեն թաղամասում հնչեր զուռնան, զարկեր թմբուկը, պարեին հզոր քոչարին, փողոցները, բակերը, այգիները լեցուն լինեին տոնական հագնված մարդկանցով, մթնոլորտը հագեցած լիներ տոնով, ուրախ հույզերով, ժպիտներով, ծիծաղով, խինդով, խորովածի եւ գաթայի հոտով…»։
Այլապես ինչի՞ նման է, երբ այսպիսի տոնն ավարտվում է երկրի ղեկավարի ելույթով՝ իր իսկ կազմած թերի, որեւէ կերպ հայությունը չխորհրդանշող պատվիրակության առաջ։ Եվ սա արդեն երկրորդ Մայիս 28-ն է, որ Փաշինյանի պատճառով, այո, այո՝ պատճառով, նրա քմահաճույքներով ու չգիտես ինչ տրամաբանությամբ վերածվում է անկապ միջոցառման։ Ո՞ւր էր Արցախի Հանրապետության պատվիրակությունը, ո՞ւր էր սփյուռքահայությունը, որ ամեն Մայիս 28-ի հարյուր հազարներով է գալիս Հայաստան, ո՞ւր մնաց այն համոզումը, որ սա մի եզակի իրադարձություն է, որի հետ կապված՝ հայ ազգը ներքին տարաձայնություններ չունի, չկան գիտական ու պատմագիտական վեճեր, չկան քաղաքական հայացքների տարբերություններ։
ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսպես է բնութագրում Մայիս 28-ի խորհուրդը. «Այս պետականությունը Հայոց պետականությունն է։ Ճիշտ է, որ արմատներում կանգնած էինք մենք՝ Դաշնակցությունը, բայց դա դաշնակցական հանրապետություն չէր։ Պետականությունը լինում է ազգային, եւ այն բոլորինն է»։
Կարդացեք նաև
Այսուհանդերձ, ճի՞շտ է վարվում Փաշինյանը, երբ մի կողմից մեծարում է Առաջին հանրապետության հիմնադիր հայրերի սխրանքը, խոստանում կատարել նրանց պատգամը, իսկ մյուս կողմից անում այնպես, որ Դաշնակցությունը ներկա չլինի Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած պաշտոնական արարողությանը եւ, մանավանդ, Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացմանը, որ տեղադրվել էր Դաշնակցության նախաձեռնությամբ եւ իրականացվել ՀՅԴ Կանադայի կառույցի հովանավորությամբ ու Վարուժ Լափոյանի (Տորոնտո) մեկենասությամբ:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում