Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չէ, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Կապվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չէ, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Նիդեռլանդների ողջ թագավորությունն այժմ քննարկում է մեր հայրենակցի արարքը»,- գրել է Իոաննիսյանը:
Ավելի վաղ ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Արթուր Մինասյանը, գրել էր, որ երկու դիմակավորված անձ, զինված դանակով, Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։
Կարդացեք նաև
«Իմ լավ ընկերը՝ Մելն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին,- գրել էր Մինասյանը։- Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։ Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։
Մելն այժմ հոսպիտալում է, վիճակը՝ ստաբիլ։ Կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը»։
Մել Դալուզյանը ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր է: Տրանսգենդեր ատլետը երեք տարի առաջ քաղաքական ապաստան է ստացել Նիդեռլանդներում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ