Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի համար մեկ բաժակ մածուն էր բերել՝ կոչ անելով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունների վերաբերյալ հայտարարություններով չթունավորել աշխատանքային մթնոլորտը:
Էդմոն Մարուքյանն արձագանքեց նրա գնահատականներին: «Ես հասկանում եմ, որ իմ հաշվին ինքնահաստատվելու գայթակղությունը եւ իմ հաշվին կայանալու միտումը մեծ է: Մենք ձեզ դա թույլ չենք տա: Երկար տարիներ պետք է աշխատեք, որ կլասիկի մակարդակին հասնեք»,-դիմելով Համազասպ Դանիելյանին՝ ասաց ԼՀԿ ղեկավարը:
Նա կրկին շեշտեց, թե ինչ է ցանկացել ասել ԵՊՀ ԺՊ-ի ընտրությունների առնչությամբ. «Ձեր իշխանությունն ասում է, որ համալսարանի դուռը փակողը չպետք է ռեկտոր աշխատի, բայց հիմա աշխատում է: Ձեր իշխանությունը հայտարարում է, որ բուհերը ապաքաղաքական են, բայց քանի՞ «իմքայլական» կա բուհերի խորհուրդներում: Շատ ուրախ եմ, որ Մարուքյանի մասին թեկնածուական եք ուզում պաշտպանել, շատ շոյված եմ, բայց ասեմ՝ եթե իմ ասածները ձեզ նյարդայնացնում են, նորմալ է, բայց ձեր «նեռվայնությունը» մի տարածեք այս ամբիոնից: Այդ թունավորությունն այստեղ մի տարածեք, մի հատ ժպտացեք, գարնան առավոտ է…»:
Ապա Մարուքյանը «Իմ քայլին» խորհուրդ տվեց. «Մի խցկվեք բուհերի խորհուրդներ, եթե պատգամավորական մանդատ եք վերցրել: Եթե ասում եք, որ բուհերն ապաքաղաքական պետք է լինեն, ի՞նչ գործ ունեք ԵՊՀ խորհրդում: Ես նոր իմացա, որ Համազասպ Դանիելյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է: Չէ՞ որ մենք հիմնավոր կասկած ենք ունենում, որ խորհրդի անդամ-կուսակցականները ռեկտորի ընտրությունների ժամանակ ասում են, թե ում ընտրել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ