Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատենք ապաքաղաքական մասնագետներին

Մայիս 31,2019 10:00

Ազգային ժողովը հերթական անգամ չցանկացավ ընտրել Սահմանադրական դատարանի ապաքաղաքական թեկնածուին: Խորհրդարանն, ինչպես հայտնի է, քաղաքական մարմին է, եւ խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը, որն այս անգամ, բարեբախտաբար, ձեւավորվել է քաղաքացիների մեծամասնության կամքով, թեկնածուների առաջ դնում է քաղաքական պայմաններ: Հետեւաբար, պարզապես լավ իրավաբանները, դոկտորները, պրոֆեսորները, որոնք այդ պայմաններին չեն բավարարում, չեն կարող դառնալ ՍԴ անդամ: Դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա՝ օրենքը նախատեսում է ընտրության հենց այս ձեւը՝ քաղաքական մարմինը (ԱԺ-ն) ապաքաղաքական մարմնի (ՍԴ-ի) անդամ է ընտրում:

Օրենքի (նաեւ Սահմանադրության) հեղինակները կա՛մ լավ չեն հաշվարկել դրա կիրառման բոլոր տարբերակները, կա՛մ էլ՝ լավ էլ հաշվարկել են ու ցանկալի են համարել, որ ՍԴ անդամը լինի քաղաքական մեծամասնության թիմի անդամ: Եվ դա ճիշտ էր, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պարագայում, որը մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը ՀՀԿ առաջադրած արդարադատության նախարար էր, իսկ այնուհետեւ՝ նույն խմբակցության պատգամավոր: Արդյոք այդ հանգամանքը կասկածի տա՞կ է դնում ՍԴ նախագահի մասնագիտական որակները: Ինձ թվում է՝ ոչ: Բայց ՍԴ որոշումների վստահելիության, «լեգիտիմության» հետ կապված հարցեր, այո, այսօր կարող են առաջանալ:

Այժմ ԱԺ քաղաքական ներկայիս մեծամասնությունն, ըստ ամենայնի, ունի ՍԴ անդամի իր թեկնածությունը՝ Վահե Գրիգորյան, որը դրական անձնավորություն է եւ բարձր կարգի մասնագետ: Նրա թերությունը կամ առավելությունը (գնահատականը տեսանկյունից է կախված) չափազանց քաղաքականացված լինելն է: Սակայն, ի տարբերություն Հրայր Թովմասյանի, Վահե Գրիգորյանը քաղաքականացված է, այսպես ասած, «ճիշտ ուղղությամբ»՝ այն ուղղությամբ, որը դավանում է այսօր իշխող քաղաքական ուժը, եւ որն այս պահիս կիսում է մեր քաղաքացիների մեծամասնությունը: Հետեւաբար, այսօր նրա կայացրած որոշումները հասարակության մեջ կասկածներ չեն առաջացնի, կլինեն կատարելապես «լեգիտիմ»:

Սակայն ամբողջ ցավն այն է, որ քաղաքական ուղղությունները, ինչպես նաեւ խորհրդարանների կազմերն ու կառավարությունները փոփոխական են: Իսկ դատավորները, դատարանները (նաեւ ՍԴ-ն), իմ պատկերացմամբ, պետք է լինեն անփոփոխ եւ վեր կանգնեն քաղաքական վայրիվերումներից: Հաջորդ ընտրությունների արդյունքում կձեւավորվի խորհրդարանական նոր մեծամասնություն (հուսանք, նույնքան լեգիտիմ), եւ եթե դատարաններն ու դատավորները քաղաքականացված լինեն, ապա դարձյալ առաջանալու է քաղաքական «աններդաշնակություն»:

Մենք պետք է գնահատենք ապաքաղաքական մասնագետներին, ընդ որում՝ ոչ միայն դատական իշխանության, այլեւ բոլոր մնացած ոլորտներում: Այդ մասնագետները մեր պետության հիմքն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031