Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվից ուշի-ուշով հետեւում են Երեւանի ներքաղաքական զարգացումներին

Մայիս 31,2019 12:00

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրահանգել է՝ «բոլոր զինատեսակներով պաշտպանել սահմանը»

Մինչ տարածաշրջան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ պաշտոնական Բաքվից Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ուղերձներ են հնչում: Հայաստանում վերջին օրերին ներքաղաքական իրադարձություններին Բաքվում, ըստ ամենայնի՝ ուշի-ուշով են հետեւում եւ հանդես գալիս մեկնաբանություններով:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Հայաստանում ներքաղաքական հակասությունները կարող են լարել շփման գծում տիրող իրավիճակը: Ավելին՝ Հասանովը հրահանգել է բոլոր զինատեսակներով պաշտպանել սահմանը:

Վստահաբար Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարության համար հիմք է հանդիսացել օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում նա կիսվեց՝ «դավադիր պատերազմ հրահրելու», «որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»-ների մասին իր կասկածներով:

Ինչպես եւ նախորդ անգամները, երբ միջնորդները ժամանում են տարածաշրջան՝ Ադրբեջանի իշխանությունները կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորությունը դարձյալ կապում են հայկական կողմի հետ: Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ծավալուն հոդված եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հարցազրույց էր հրապարակել։

Մամեդյարովը շարունակում է պնդել, թե իր կարծիքով, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները կապված են ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքի հետ, եւ հենց այդ սոցիալ-տնտեսական խնդիրներն են, Մամեդյարովի մեկնաբանությամբ՝ դարձել թավշյա հեղափոխության պատճառը։ Նա նշել է, թե Բաքուն այսօր որոշ հույսեր է փայփայում, թե Հայաստանի նոր իշխանությունը հասկանում է, որ «առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ առանց Հայաստանի ինտեգրման տարածաշրջանային համագործակցությանը՝ չի կարելի Հայաստանը հանել այն փակուղուց, որի մեջ հայտնվել է»։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով, ժամանակ է տրվել Հայաստանի նոր իշխանություններին բանակցությունների մանրամասներին ծանոթանալու համար։ Ըստ Մամեդյարովի՝ այդ անցումային ժամանակաշրջանն ավարտվել է, եւ բանակցությունները վերսկսվել են ինչպես երկու երկրների ղեկավարների, այնպես էլ արտգործնախարարների միջեւ։

Ի դեպ, Մամեդյարովն ընդգծել է, որ երկխոսությունն այսօր ընթանում է գոյություն ունեցող օրակարգի շուրջ, ինչը Բաքվին որոշ լավատեսության տեղ է տալիս։ Միեւնույն ժամանակ, Մամեդյարովն ասել է, որ շատ հաճախ բանակցային գործընթացի շրջանակներում հանդիպումներին զուգահեռ հայկական կողմից հնչում են բավականին երկիմաստ հայտարարություններ, որոնք ստվեր են գցում կարգավորման ողջ կառուցվածքի վրա։ «Սա, իհարկե, տագնապալի է», – նշել է նա։

Դատելով Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքից՝ բանակցություններն ընթանում են կոնկրետ օրակարգի շուրջը, որն էլ պաշտոնական Բաքվին լավատեսության հույս է ներշնչում:

Արձագանքելով «Կոմերսանտ»-ի լրագրողի հարցին, թե արդյոք ավելի ճիշտ չէ՞ վերականգնել վստահությունը եւ հետո նոր անցնել տարածքների վերադարձի, Ղարաբաղի կարգավիճակի եւ ադրբեջանցի փախստականների հետ կապված հարցերին, Մամեդյարովը չի համաձայնել նման ձեւաչափին եւ հավելել է, թե կարգավորումը պետք է լինի փուլային, որի սկիզբը պետք է լինի հայկական ուժերի դուրսբերումը շրջաններից եւ ադրբեջանցի փախստականների վերադարձն այդ շրջաններ, դրան զուգահեռ՝ վստահության մթնոլորտ ձեւավորելը։ Իսկ անդրադառնալով Փաշինյանի՝ բազմիցս արտահայտած դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացում, Ադրբեջանի արտգործնախարարը նկատել է, թե՝ բանակցությունների այսօրվա ձեւաչափը որոշվել է դեռեւս 1992 թվականին, եւ սա է իրականությունը։ Մնացածը, ըստ Մամեդյարովի, բանակցային գործընթացը ձգձգելու փորձ է։

Պաշտոնական Բաքվի դիրքորոշումն ամբողջացրել է երկրի ղեկավարը: Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսել է երկրի ամրապնդման անհրաժեշտության մասին, արձանագրելով, որ Ադրբեջանն ապրում է չավարտված պատերազմի պայմաններում եւ երկրի ամենակարեւոր խնդիրներից մեկն է ռազմական ներուժի ամրացումը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

30.05.2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031