Լրահոս
Օրվա լրահոսը

«Քացով խփեն, գցե՞ն». «Իմ քայլի» պատգամավորները՝ Աղվան Հովսեփյան- Տիգրան Ավինյան տեսարանի մասին

Մայիս 31,2019 13:00

Պատգամավորներն ընդունում են, որ «անհայրենիք» մարդկանց հետ նույն օդն են շնչում ու նույն ջուրն են խմում, հետեւաբար կարող է եւ քայլեն

Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, որ Աղվան Հովսեփյանն արժանի էր պաշտոնանկ արվելու՝ որպես կոռումպացված, որպես քաղաքական հետապնդումներ իրականացնող, որպես սպանությունների բացահայտմանը խոչընդոտող անձնավորություն: Նա հայտարարում էր, որ 2008-ի Մարտի 1-ի սպանությունները բացահայտված չլինելու գործում մեծ դեր է խաղացել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա թվարկում էր, թե ինչպիսի գործեր են կոծկվել Աղվան Հովսեփյանի թեթեւ ձեռամբ. «1998թ. օգոստոսին իր աշխատասենյակում սպանվել էր ՀՀ գլխավոր դատախազ Հենրիխ Խաչատրյանը: Աղվան Հովսեփյանը, ով այդ ժամանակ գլխավորում էր դատախազության քննչական վարչությունը, գտնվել էր շենքում: Նա բոլոր բացահայտումները «իրականացրեց» եւ դարձավ ՀՀ գլխավոր դատախազ: Իսկ այդ բացահայտումներն ասում էին, որ Հենրիխ Խաչատրյանին սպանել է ՀՀ տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանը եւ վերջում էլ ինքնասպանություն գործել: Հանրապետության ՆԳ զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի ինքնասպանությունն Աղվան Հովսեփյանը «բացահայտեց» նույն կերպ. Մարգարյանը մեկ անգամ գլխին է կրակել, երկրորդ անգամ՝ սրտին»: Այսպես Նիկոլ Փաշինյանը թվարկում էր հանցագործությունների շարքը, որոնք կամ չեն բացահայտվել, կամ կոծկվել են Հովսեփյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում եղած ժամանակահատվածում: ԱԺ նիստերից մեկի ժամանակ էլ Փաշինյանը բնորոշում էր տվել Աղվան Հովսեփյանի աշխատաոճին. «Նրա քայլերը դիտարկելիս միայն կարող ես ասել՝ այնպես կարող են վարվել միայն անհայրենիք մարդիկ»: Նույն ելույթի ժամանակ Փաշինյանը բոլորիս հուսադրել էր՝ «Ոչինչ ու ոչ մեկը չի մոռացվել: Արդարադատությունն անպայման գալու է յուրաքանչյուրի դուռը»:

Եվ ահա տարիներ անց, երբ իշխանափոխություն է եղել, Ապարանում մարդիկ տեսնում են հեղափոխական, ժողովրդի իշխանության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Աղվան Հովսեփյանի կողքին, նրա ընկերակցությամբ տոնական քայլերթի մասնակցելիս: Այս տեսարանը համացանցում բուռն քննարկումների տեղիք էր տվել: Ինքը՝ Տիգրան Ավինյանը, երեկ լրագրողների հետ զրույցում բացատրել էր, որ ինքը Բաշ-Ապարանի տոնակատարությունների միջոցառումներին մասնակցելու հրավեր ստացել է Ապարանի համայնքապետարանից. «Ապարանի համայնքապետարանն է կազմակերպում այդ միջոցառումները։ Ենթադրում եմ, որ «Նիգ Ապարան» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է հանդիսանում Աղվան Հովսեփյանը, համաֆինանսավորում է կամ աջակցում այդ կազմակերպչական աշխատանքներին եւ այնտեղ ունեի հյուրի կարգավիճակ։ Այդպես ստացվեց»։

«Առավոտը» «Իմ քայլի» պատգամավորներից հետաքրքրվեց, թե իրենց վրա, այնուամենայնիվ, այդ տեսարանն ի՞նչ տպավորություն է թողել, նորմա՞լ էր դա, թե՞, ինչ-որ բան այն չէ:

Հայկ Գեւորգյանը պատասխանեց. «Սուբյեկտիվորեն, ես դեմ եմ, բայց ի՞նչ, եթե այդ մարդը գալիս է, քացով խփեն, գցե՞ն: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, այստեղ մի քիչ արարողակարգային խնդիր կա: Ես ինքս շատ բացասական եմ նայում դրան, կարող է արարողակարգային բաց է եղել, որը հետագայում կարող է քննարկվի ու լուծումներ գտնենք»:

Սիփան Փաշինյանը պատասխանեց. «Խնդիրը նրանում է, որ հիմա ես կարող է դուրս գամ ԱԺ-ից, փողոցում, օրինակ, Պողոս Պողոսյանը գա իմ կողքով քայլի ու նկարեն, ասեն՝ ի՞նչ գործ ունի Պողոս Պողոսյանը Սիփան Փաշինյանի մոտ: Ես չգիտեմ ինչ հանգամանքներում է հայտնվել, քանի չգիտենք ոնց է հայտնվել էդ մարդը Տիգրան Ավինյանի կողքը, մենք իրավասու չենք, ճիշտ չի լինի քննարկենք տեսարանը: Կարող է ես եւ դուք քայլենք ու ցանկացած մարդ գա մեր կողքից, միջոցառում է»: Հայկ Գեւորգյանն էլ կատակեց՝ կամ էլ Ռոբերտ Քոչարյանը կարող է գա կողքից քայլի:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ տեսարանը շատ բացասական տպավորություն է թողել. «Կարծում եմ, շատ դժվար կացության մեջ էր հայտնվել պարոն Ավինյանը: Ես գիտեմ պարոն Ավինյանի թե՛ սկզբունքայնությունը, թե ներդրումը, վերաբերմունքը: Բայց հիմա գիտեք ինչ, պետական պաշտոնյա է ու նա իրաավասու չէ շուռ գալ ու էս մեկին կամ էն մյուսին ասել… մի քիչ էթիկայի եւ էմոցիոնալ դաշտում գտնվող բան է, չեմ կարող պարոն Ավինյանին որեւիցե բանի մեջ մեղադրել՝ զուտ էթիկայի խնդիր եւ հարց է: Երկու նշված օդիոզ անձանց վերաբերյալ (նկատի ունի նաեւ գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին- Հ.Ջ.) այսօրվա դրությամբ գոյություն չունի ոչ դատավճիռ, ոչ որեւիցե բան: Հիմա պարոն Ավինյանը ինքը որոշեր, ասեր՝ դու մի՞ քայլի: Վերջիվերջո եկեք մի բան ֆիքսենք՝ ՀՀ-ում մենք ունենք օրինակ, որ վարչապետն այցելեց կազմակերպություններից մեկը, բացեց գործարան ու իրավապահները ընդամենը մի քանի օր հետո գործողություններ իրականացրեցին եւ սեփականատերը ձերբակալվեց: Ուստի եկեք մի բան ֆիքսենք՝ չի կարելի այդ տեսարանը որպես ինդուլգենցիա դիտարկել»: Հարցին՝ համացանցում այս հարցերն էլ էին քննարկվում՝ ո՞ւր պիտի լիներ հիմա Աղվան Հովսեփյանը, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում խոսում էր, թե ինչքան քրգործեր է կոծկել, այդ հարցերը ձեզ մոտ չե՞ն առաջանում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող մարդու վերաբերյալ դատավճիռ հնչեցնել, հասկանում եմ ինչ եք ասում եւ իմ գնահատականը համընկնում է ձեր եւ պարոն Փաշինյանի գնահատականի հետ»:

Սոֆիա Հովսեփյանը գտնում է՝ այն, որ Ավինյանի կողքին քայլում էր Աղվան Հովսեփյանը, այդտեղ որեւէ պախարակելի բան չկա, պաշտոնական միջոցառում է ու կարող էր նրա կողքին հայտնվել ցանկացածը. «Աղվան Հովսեփյանը համարվում է այդ տարածքի առաջավոր դեմքերից մեկը, միշտ եղել է այդտեղ եւ միշտ այդ պահին գործել ու հայտնվել է այդտեղ, պախարակել Տիգրան Ավինյանին, ես կարծում եմ, շատ սուբյեկտիվ մոտեցում է: Մենք եթե խաղաղության մասին ենք խոսում…չպետք է որեւէ մեկը Աղվան Հովսեփյանին հեռացներ այդ տարածքից, որովհետեւ այդտեղ քայլում է Տիգրան Ավինյանը: Այդ պահին միջոցառում էր ու ցանկացած հայ մարդու համար դա կարեւոր օր է: Մի փոքր առաջ քայլեր թե հետ քայլեր, կողքը քայլեր, որտեղ էլ քայլեր՝ եթե խնդիրներ են տեսնելու, պետք է տեսնեն: Ես որեւէ կերպ նմանատիպ միջոցառումների ժամանակ խնդիր չեմ տեսնում իրենց՝ նույն ժամանակ նույն տեղում գոյություն ունենալու մեջ: Ապրիլի 2-ին լինում են Եռաբլուրում: Ես շատ չեմ ուզենա միշտ այնտեղ տեսնել շատ ու շատ անձանց, բայց իրենք այդտեղ են, որովհետեւ վերջապես հայ մարդ են, ՀՀ քաղաքացի են եւ իրենց իրավունքն է: Եթե նույն ժամանակահատվածում են լինում այդտեղ, ես ոչ թե պետք է դրանից խնդիր տեսնեմ, այլ ընդամենը, եթե ինձ հաճելի չի, իրենց գոյությունը չտեսնեմ սուբյեկտիվորեն…Ես էլ շատ-շատ անձանց անհայրենիք եմ համարում այս երկրում, ովքեր համարում են, որ մենք պետք է ազատագրված հողեր վերադարձնենք, բայց եթե ինքը հայտնվի իմ տարածքում, ես չեմ պատրաստվում իրենց գոյությունը չեզոքացնել: Նույն օդն ենք շնչում, նույն ջուրն ենք խմում: Նիկոլ Փաշինյանը գնահատել է տվյալ անձին, բայց դա չի նշանակում, որ չեզոքացրել է այս երկրից կամ պետք է չեզոքացնի»:

Համազասպ Դանիելյանի դիտարկմամբ՝ «Ուշադրություն պետք է դարձնել օրվա խորհրդին՝ ազգային միասնության հետ կապված: Ոչ թե պետք է մոռանալ տարաձայնությունները: Սա ամենեւին չի նշանակում, որ որեւէ կերպ որեւէ անձ, ով նախկինում ուղղակիորեն առնչություն է ունեցել լուրջ բացթողումների հետ, դրա մասին մոռանալու ենք»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

30.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031