Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավտոտնակում անհայտ հանգամանքերում մահացածի գործով նոր մանրամասներ

Մայիս 31,2019 12:30

Մայիսի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 25 շենքի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա: Պարզվել էր՝ մահացածը ավտոտնակում բնակվող, 46-ամյա Արամ Նահապետյանն էր: Նրա մարմնին առկա էին քերծվածքներ, արյունազեղումներ, ասել է թե՝ բռնության հետքեր: Ա. Նահապետյանին մահացած հայտնաբերել է հարեւանը: ով ահազանգել էր ոստիկանություն:

Չանցած մի քանի օր, մայիսի 24-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Գեւորգյանը միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան՝ 21-ամյա Գենրիխ Ալավերդյանին կալանավորելու համար: Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է քննիչի միջնորդությունը: Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում պատվով իր ծառայությունը կատարած Գենրիխը նշյալ շենքի բնակիչ է, վերջերս է զորացրվել: Նախնական տեղեկություններով, նրան ոստիկանության բաժին էին տարել, ձերբակալել Ա. Նահապետյանին ծեծելու հետեւանքով մահվան հասցնելու կասկածանքով:

Գ. Ալավերդյանն ունի պաշտպան՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռաֆայել Ամիրխանյանն է:

Ըստ լրատվամիջոցներով տարածված լուրերի, մինչ մահանալը՝ մայիսի 15-ին եւ 16-ին Գ. Ալավերդյանը վիճել է Ա. Նահապետյանի հետ, որի ժամանակ էլ ծեծի է ենթարկվել: Երեկ «Առավոտը» զրուցեց Գ. Ալավերդյանի մոր՝ Տատյանա Սարդարյանի հետ: Ի դեպ, վերջինս մինչ դեպքը հրավիրվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նյութեր էին նախապատրաստվում հանգուցյալի դեմ, իսկ Ա. Նահապետյանը հրաժարվել էր կատարվածի մասին բացատրություններ տալ, հայտնելով, որ «ոչ մի բողոք չունի Գ. Ալավերդյանից եւ Տ. Սարդարյանից»:

Հարցով՝ ի՞նչ քրեական գործի նյութերի նախապատրաստման մասին է եղել խոսքը, ինչո՞ւ էիք հրավիրվել ոստիկանության բաժին, «Առավոտը» դիմեց Տ. Սարդարյանին:

Տիկին Տատյանան ասաց, որ եղել է շենքի համատիրության նախագահը: Տարիներ առաջ հանգուցյալի որդին նրան է ներկայացրել բնութագիր, ասելով, որ պետք է ստորագրել ու կնքել: Տ. Սարդարյանը հրաժարվում է ստորագրել, կնքել, պատճառաբանելով. «Դու մեր բնակիչը չես»: Հայրը՝ Ա.Նահապետյանը, դրանից հետո ամեն անգամ տեսնելով տիկին Տատյանային, ասում է՝ «դու քո հալը կտեսնես»:

Երեք տարի, ըստ տիկնոջ պատմածի, Ա. Նահապետյանը հայհոյանքներով սպառնացել է իրեն, որի տանը հիվանդ մայր կա, նա գտնվել է ոչ սթափ վիճակում, այդ մասին տարիներ շարունակ եղել են բողոքներ ոստիկանություն, դատախազություն, դատարանում անգամ առկա է ոստիկանության անգործությունը վիճարկելու մասին բողոք. «Ոչ մեկը չէր պաշտպանում ինձ: Վաստակավոր գրող էի դարձել, ամեն անգամ զանգում էի 1-02: Դիմել եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանին: Ինձ ասում էին՝ մեր իրավասությունը չէ: Տղաս դիրքերում էր, երբ մի անգամ զանգեց, ոստիկան էի էլի կանչել, երբ հարցրեց ոնց ես ու ես լաց եղա, ոստիկանը ինձ հանդիմանելով ասաց՝ երեխադ դիրքերում է, ինչու ես լաց լինում, կանհանգստանա»:

Տիկին Տատյանան պատմում է, որ եղել է գիշերով ուշ ժամի ավտոտնակից բարձր հայհոյանքների ձայներ է լսվել, բայց շենքում կարծես վախենային, գլուխ չդնեին հետը: Զրուցակիցս ասում է, որ իր ընտանիքի դեմ սուտ ցուցմունք տվողները պատասխանատվության են ենթարկվելու, մարդիկ, ովքեր տեղյակ էին այս ամենից, հիմա փորձում են ստվերել իրենց ընտանիքի բարի համբավը, զրպարտել:

Մահվանից օրեր առաջ էլ «շենքը կինո էր նայում». ոստիկանություն էր կանչել, քանի որ Ա. Նահապետյանը տղային էր հարվածել, դանակը ձեռքին սպառնալիքներ էր հնչեցրել, ոստիկաններն էլ ահազանգից քառասուն րոպե հետո էին եկել: Տարել էին երեքին բաժին, 2,5 ժամ պահել, ապա բաց թողել:

Իսկ ո՞վ կարող էր նրան ծեծի ենթարկել հարցին էլ տիկին Տատյանան իր վարկածն ունի. «Անտարբեր չլինելով խմիչքի նկատմամբ, նա հաճախ էր վեճի մեջ լինում հարեւանների հետ, կարծում եմ՝ նախաքննությունը կպարզի, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը»:

Տուժողի իրավահաջորդ է ճանաչվել մահացածի նախկին կինը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ, 

30.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031