«Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ-ն, ուսումնասիրելով մայիսի 20-ին լրատվամիջոցներում հրապարակված տեսագրությունը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի և ինքնությունը չպարզված մի քանի այլ անձանց կողմից ՀՀ դատարաններն արգելափակելու «գործողության» շրջանակներում ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցներին ազատությունից ապօրինի զրկելու (ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդված) և ինքնիրավչության (ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդված) փաստի առթիվ։
Հանցագործության մասին հաղորդման տեքստն ամբողջությամբ՝ ստորև.
«2019 թվականի մայիսի 20-ին Analitik.am կայքում հրապարակվել է տեսանյութ (https://analitik.am/news/view/480851), որում պատկերված է, թե ինչպես են մի խումբ անձինք նույն օրը փաստացի ազատությունից զրկում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին, ապա նաև մի քանի այլ քաղաքացիների, ենթադրաբար՝ Դատական դեպարտամենտի աշխատակիցների։ Տեսանյութի ուսումնասիրությունից ակնհայտ երևում է, որ առնվազն 48 րոպե 18 վայրկյան ժամանակահատվածով մի խումբ քաղաքացիներ փաստացի արգելում են նշված անձանց դուրս գալ փակ տարածքից՝ արգելափակելով հնարավոր ելքը։ Նշված անձանց հանցավոր դիտավորությունն ակնհայտ է տեսանյութի հետևյալ հատվածներում՝
1) «խնդրում ենք առաջ մի գնացեք, էստեղ փակ ա» (4 րոպե, 11 վայրկյանից),
Կարդացեք նաև
2) «մեր անելիքն ա, որ ցանկացած աշխատողի չթողնենք հելնի դուրս, վսյո» (6 րոպե, 7 վայրկյանից),
3) «Աննա ջան, տեսար մեր գալը ինչքանով էր ճիշտ, հիմա չգայինք, արդեն մեկը փախուստի էր դիմելու» (8 րոպե, 02 վայրկյանից),
4) «մենք ստեղ իրանց պահել ենք» (16 րոպե, 10 վայրկյանից),
5) «այ տենց փակեք, ժողովուրդ, էտ պատը լրիվ փակեք» (43 րոպե, 24 վայրկյանից):
Ընդ որում, տեսանյութից պարզ է, որ վերոնշյալ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակվել է վերջիններիս կամքին հակառակ․ մասնավորապես, ստորև մեջբերված հատվածներից երևում է, որ Դատական դեպարտամենտի ղեկավարը և Դատական դեպարտամենտի աշխատակիցները ցանկություն են հայտնել դուրս գալ այդ տարածքից, սակայն վերջիններիս թույլ չեն տվել։ Այսպես`
1) «եթե մենք փակել էինք ճանապարհը, էտի խոչընդոտել չէ՞ր, եթե Դուք մեզ ասում էիք բացեք, չէ՞, բացեք էթանք, թողեք հելնեմ» (11 րոպե, 27 վայրկյանից),
2) «մի րոպե, չենք թողնում, վարչապետը չի ասել ազատ եք, չէ ախպեր ․․․, ստեղ պիտի մնաք, չէ, հե՛տ գնացեք ․․․, ուզում եմ մնաք ստեղ ․․․, վարչապետը կասի, թույլ կտանք ․․․, ժողովու՛րդ, չթողաք․․․» (38 րոպե, 40 վայրկյանից),
3) «չէ՛, առաջ մի գնա, հետ գնա․․․, չէ՛, չեք կարա էթաք, ուղղակի ստեղ պիտի մնաք, որ սաղ տենան որտեղով են ուզում դուրս գան, որ ինչ քայլերի եք ընդունակ» (41 րոպե, 41 վայրկյանից)
Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ հնարավոր ելքը արգելափակած քաղաքացիները գիտակցել են, որ այլ ելք տվյալ տարածքում գոյություն չունի, և իրենց կողմից արգելափակված անձինք այլ կերպ չեն կարող դուրս գալ․ մասնավորապես նկարահանում են տարածքը՝ ցույց տալով, որ այլ ելք չկա։ Այսպես՝
1) «ուղղակի մինչև հիմա մեջս մութ ա մնում, էս մարդիկ ո՞րտեղից, լուսամուտից դժվար կլներ, ո՞րտեղից եք հելել» (43 րոպե, 44 վայրկյանից):
Նկարագրված հանցավոր գործողություններում ակտիվ դերակատարում է ունեցել ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը (տեսանյութում հայտնվում է 9 րոպե, 45 վայրկյանից)։
Գտնում ենք, որ նշված փաստերում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (ազատությունից ապօրինի զրկելը) և 322-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնիրավչություն) նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, ուստի խնդրում ենք օրենքով սահմանված կարգով հարուցել քրեական գործ, բացահայտել հանցանքը կատարած բոլոր անձանց և ապահովել նրանց քրեական պատասխանատվությունը»։
«Իրավական ուղի» ՀԿ