Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետ. «Եթե քաղաքապետի թեկնածուի գործողություններում ակնհայտ զանցանք կա, ինչպե՞ս կարող էինք չդիմել իրավապահներին, այն հիմքով, որ նախընտրական շրջան է»

Մայիս 30,2019 19:55

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բացառում է, որ իր հաղորդմամբ Աբովյան քաղաքում հողային աճուրդների հետ կապված հարուցված քրեական գործը քաղաքական նպատակներ է հետապնդում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Երեկ Կոտայքի մարզպետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի գլխավոր դատախազությունը մայիսի 27-ին որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքի՝ 2019 թվականի ապրիլի 1-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /պաշտոնեական լիազորությունների չարաշահում/ քրեական գործ հարուցելու մասին:

Հունիսի 9-ին Աբովյան քաղաքում ընտրություններ են, քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաեւ գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որն ընտրվել էր 2015-ին, եւ ըստ մամուլի հրապարակումների, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնականն էր:

Ռոմանոս Պետրոսյանը մեզ հետ զրույցում պնդում է՝ այս քրեական գործի պատմությունը սկսվել է մինչեւ նախընտրական շրջանը: Նախորդ տարվա հունիսից, երբ ինքը մարզպետ է նշանակվել, բոլոր համայնքապետերին, այդ թվում՝ Աբովյանի, հորդորել է գործել օրենքի շրջանակներում եւ հողային աճուրդներում խախտումներ թույլ չտալ:

Ինչ վերաբերում է մայիսի 27-ին հարուցած քրգործին, Պետրոսյանը պատմեց, որ փետրվար ամսին Աբովյան քաղաքում հայտարարված 67 հողերի դասական աճուրդում ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր տեսնելով՝ առաջարկել է՝ առանց հողային պետական տեսչության, առանց խիստ հիմնավորումների եւ հողերի օտարման անհրաժեշտության, զերծ մնալ կադաստրային գներից ցածր գնով օտարումից.«Բոլոր առաջարկներս մերժել են»:

Պետրոսյանի ներկայացմամբ՝ Աբովյանի քաղաքապետարանը փետրվարին 67 լոտ աճուրդ է հայտարարել, մարզպետն առաջարկել է մի քանիսը չեղարկել, քանի որ դրանք շենք-շինություններով ծանրաբեռնված են, եւ մարզպետարանին ներկայացնել մնացած աճուրդների փաստաթղթերը, որպեսզի ստուգվեն աճուրդների օրինականությունն ու պարզեն՝ բացառվա՞ծ են կոռուպցիոն ռիսկերը:

«Սակայն քաղաքապետ Վահագն Գեւորգյանը միայն մեկը չեղարկեց, ասաց՝ մյուս աճուրդները չեղարկելու հիմքեր չի տեսնում: 2-րդ անգամ ես մատնանշեցի 4 լոտեր, նշեցի՝ այդ հողակտորներով անցնում են կոմինիկացիաներ, քաղաքը սնող ջրագծեր ու գազամուղեր, ինչն օրենքով ենթակա չէ օտարման: Նա եւս 4 լոտ չեղարկեց, մնացածները՝ ոչ: Աճուրդի արդյունքներով առերեւույթ խախտումներ կան, մարզի դատախազը, Կոտայքի ոստիկանության Աբովյանի բաժինը գործ չեն հարուցում, մերժում են: Ես բողոքարկեցի վերադաս դատախազին: Վերացվել է հետաքննիչի՝ քրգործ չհարուցելու որոշումը: Հիմա քրեական գործ է հարուցվել»,-պատմեց մարզպետը: Նա վստահեցրեց՝ մարզի դատախազի մերժումը մայիսի առաջին տասնօրյակում էր, եւ այն բնավ կապ չունի Աբովյան քաղաքում նախընտրական շրջանի հետ:

Կոտայքի մարզպետն ասաց, որ անցյալ տարվա հունիսից փորձել է կանխել նման խախտումներով աճուրդները.«Երբ բացառապես այն ժամանակվա քաղաքական իշխանություններին եւ նրանց սերտաճած շրջանակներին էին հողերը վաճառում: Այսօր համայնքում հող չի մնացել, որ ներդրումային ծրագրերը բավարարենք: Առաջարկել էի դադարեցնել հողերի նման աճուրդները: Քաղաքապետը մինչեւ փետրվար զերծ էր այդ գայթակղությունից, փետրվարին նորից գնաց այդ քայլին, ես սա պայմանավորում եմ ինչ-ինչ շրջանակներից ճնշում»:

Aravot.am-ի հարցին՝ հիմա նախընտրական շրջանում քրեական գործ հարուցելու մասին հայտարարությունը կարող է ընկալվել քաղաքական ճնշում կամ հակաքարոզ թեկնածու Վահագն Գեւորգյանի նկատմամբ, պարոն Պետրոսյանը պատասխանեց.« Եթե նա գործող քաղաքապետն է ու քաղաքապետի թեկնածու, բայց իր գործողությունների մեջ ակնհայտ զանցանք կա, քրեորեն հետապնդելի արարքներ կան, դրանց պետք է իրավական գնահատական տալ, մենք ինչպե՞ս կարող էինք զերծ մնալ իրավական գնահատական չտալուց, չդիմել իրավապահներին այն հիմքով, որ ընտրություններ են կամ նախընտրական շրջան է: Սա ընդամենը հողերի աճուրդի հետ է կապված: Ես իմ նշանակումից ի վեր ասում եմ՝ վերջ տվեք նման աճուրդներին, ասում եմ՝ 4 լոտեր ենթակա չեն աճուրդի, ականջալուր չի լինում, մենք այլ կերպ ինչպե՞ս վարվենք, իրավական գնահատական չտանք, որ կարող է վաղը Վահագն Գեւորգյանի քաղաքական գնահատականն ընկնի՞: Սկսենք այնտեղից, որ Վահագն Գեւորգյանն ընդհանրապես արդյոք ունի՞ քաղաքական հեղինակություն: Ես որեւէ մեկի հետ իրավական դաշտում հարաբերվելիս չեմ պայմանավորում քաղաքական ծագումնաբանությամբ կամ քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ: Եթե կա իրավական գնահատական տալու անհրաժեշտություն՝ ես տալիս եմ առանց հապաղելու»:

Հողային օրենսգիրքը թույլ է տալիս կադաստրային արժեքի մինչեւ 50 % չափով մեկնարկային գին սահմանել, բարձր լեռնային գոտում՝ 30%: Աբովյանի քաղաքապետն, ըստ էության օրենքի սահմաններում է գործել: Մեր այս դիտարկմանն ի պատասխան մարզպետն ասաց՝ մինչեւ 30% կամ 50 % մեկնարկային գինը թողնված է ավագանու եւ քաղաքապետի հայեցողությանը.«Բայց եթե օրենքը թույլ է տալիս, ինչո՞ւ պարտադիր պետք է հենց այդ գնով վաճառել, երբ ունենք փաստեր, որ հանրային հնչեղության աճուրդների սակարկության ժամանակ 2.6 միլիոն գնահատված հողը 14 միլիոնով է վաճառվել, շուկայականից վեցապատիկ ավել, ապա Վահագն Գեւորգյան, ինչո՞ւ եք մեկնարկային գները սահմանել 50% ցածր: Սա համայնքային գույքի ոչ արդյունավետ օգտագործում է: Մեծ մասը յուրայիններին է վաճառել, իսկ ովքեր չեն կարողացել գնել, սակարկություն է եղել, գինը բարձրացել է ու մարդիկ հրաժարվել են»:

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա հեռախոսահամարներն, այսպես ասած՝ անհասանելի են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031